Մատչելիության հղումներ

Վանեցյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև օպերատիվ կապը ապահովել է ինքը


Քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիր ուժերի հրավիրած հերթական հանրահավաքը և երթը:

Ավարտին ելույթներով հանդես եկան «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Վերջին հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը նորից դառնա հզոր երկիր. «Մենք նորից ոտքեի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու, ամենաազդեցիկ պետությունն ենք լինելու, մենք ապահովելու ենք մեր հաջորդ սերունդների համար բարեկեցիկ, երջանիկ կյանք: Այն ամենին, ինչի համար մենք տասնյակ տարիներ պայքարում ենք, այդ ամեն ինչը պիտի իրականացնենք»:

«Արդեն մի քանի օր մենք շատանում ենք, մեր շարքերը համալրում են շատ-շատ արժանապատիվ մարդիկ, մեր շարժումը` «Հայրենիքի փրկության շարժումն» իրականում միտված է մի բանի` փրկել մեր հայրենիքը, փրկել մեր հայրենիքը կործանումից: Մինչ այս պահը մենք տեսնում ենք, որ երթը չի ավարտվում: Հազարավոր տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են հրապարակ, և հարց է տալիս ժողովուրդը, թե ի՞նչ մենք պետք է անենք: Ժողովուրդ, արդյոք մենք համաձայն ենք, որ մեր երկրի փաստացի ղեկավարը լինի դավաճան Նիկոլը, մենք միասին շատ արագ ժամանակում Նիկոլին, ով կառչել է իր աթոռին, քշելու ենք կառավարական շենքից, և նա պատասխան է տալու հայ ազդի դիմաց», - հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Իշխան Սաղաթելյանն էլ շեշտեց` հայ սպան, հայ զինվորը պատերազմում չի պարտվել. «Հայ ժողովուրդը պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը: Առաջիկայում յուրաքանչյուր օր մենք կազմակերպելու ենք բողոքի զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններ: Մենք մեր գործողությունների արդյունքում հասնելու ենք մեր նպատակին, և դրանում թող որևէ մեկը չկասկածի: Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, մենք վաղը նույնպես ունենք երթ, այս երթերի ընթացքում օրեցօր մեր ուժերը կրկնապատկվում են, մեզ ավելանում են նոր մարդիկ, մեր շարքերը ընդլայնվում են, այս գործողությունների արդյունքում մենք առաջիկա օրերին հասունացնելու ենք վերջնականապես Նիկոլի հեռացումը: Նոր տարին առանց Նիկոլի»:

Հայաստանի երրորդ նախագահի փեսան, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքում գրառում է արել, ըստ որի 2018 թվականի հոկտեմբերին դեռևս Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ, և նա փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:

Հանրահավաքից հետո արդեն ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հիմնական հարցը հետևյալն էր` արդյոք նման առաջարկ եղել է, արդյոք Վանեցանը տեղյակ է եղել նման առաջարկից: «Ես հստակ չեմ էլ պատասխանելու, որովհետև կոռեկտ չեմ համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: Ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալները, որ ինձ հայտնի են դարձել առհասարակ: Ես խնդրում եմ` եկեք… 2 տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, սաղին թվաց, թե Վանեցյանը «կանգ առ»-ի կոչ է անում իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում, այնինչ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես, և այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկը եղել եմ ես: Ես` որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը: Դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում` Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդում, ավելին ասել չեմ կարող», - նշեց Վանեցյանը:

XS
SM
MD
LG