Մատչելիության հղումներ

Հայաստան վերադարձած գերիները այժմ բուժզննություն են անցնում


Ադրբեջանական գերությունից այսօր վերադարձել է ևս մեկ հայ գերի։ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը գերեվարվել էր պատերազմից մի քանի ամիս առաջ Սիսիանի տարածաշրջանում։

Գերությունից երեկ վերադարձած իրենց որդիներին տեսնելու, գոնե նրանց ձայնը լսելու համար վաղ առավոտից ծնողները, հարազատները, ընկերները հավաքվել էին զինվորական հոսպիտալի առջև։

Հայաստան վերադարձած գերիները այժմ բուժզննություն են անցնում։

Երեկ վերադարձած 44 գերիների շարքում է նաև 20-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը, ով 2019-ի օգոստոսին դուրս գալով մարտական դիրքից Ադրբեջանի տարածքում էր հայտնվել։

«Մենք չենք իմացել, որ ինքը պիտի գար։ Ուղղակի գիտեինք, որ գերիներ են բերելու։ Երեկ լսել ենք, որ երրորդ մարդը Արայիկ Ղազարյանն ա», - ասաց նրա մայրը՝ հավելելով, որ արդեն տեսել է որդուն։

Այստեղ էր նաև նրա հորաքույրը։ Ասաց, որ ընտանիքը ծանր ժամանակներ շատ է ունեցել․ - «Հիմա ուրախ եմ, որ ինքը ստեղ ա, Հայաստանում ա։ Էս հրաշքի համար շատ ուրախ եմ։ Սպասում եմ, որ իրան տեսնեմ, իրան գրկեմ»։

44 գերիներից 14-ը քաղաքացիական անձինք են, 30-ը՝ զինվորականներ։ Երեկ Հայաստան են վերադարձվել ինչպես այս պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնվածները, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք։ Նրանցից ավելի քան 20-ի իրավունքների պաշտպանության նպատակով փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը Ադրբեջանի դեմ գանգատներ էին ներկայացրել Եվրոպական դատարան:

«Այստեղ մատնանշված դեպքերից շուրջ կեսից ավելիին ներգրավված ենք որպես շահերի ներկայացուցիչ Եվրոպական դատարանում։ Իհարկե, ցուցակում կան անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը իրականացվել է միջպետական գանգատի շրջանակներում, և այստեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը ունի դերակատարություն։ Հենց այս պահին էլ մենք գերեվարման նոր դեպքի մասին ենք լսել, ապացուցված, հիմնավոր գործ է։ Ամեն պահի տվյալները փոփոխվում են, բայց 70-ից ավել գործեր ունենք գերեվարված անձանց վերաբերյալ։ Մի մասը վերադարձվել է, բայց մեծ թվի գերեվարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում։ Նաև նշեմ, որ կան անհայտ գերեվարված անձինք, որոնց պարզման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»։

«Այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը, քանի որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին», - գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Թե երբ է սպասվում մնացած հայ գերիների վերադարձը Հայաստան, դեռ պարզ չէ։

Հայաստանից երեկ Բաքու է տեղափոխվել 12 անձ, այդ թվում 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը։

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի և իշխանական խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը նշեց, որ մոտ ժամանակներում փոխանակման երկրորդ փուլ է սպասվում։ Հստակ ժամկետներ սակայն չնշեց։ Հայաստանից երեկ Բաքու է տեղափոխվել 12 անձ, այդ թվում 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը։

Հայաստանում ադրբեջանցի գերիների թիվը չի հրապարակվում։

XS
SM
MD
LG