Երեկ ուշ երեկոյան Հայաստան վերադարձած 44 գերիների թվում են նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը։ Վերջինս գերության մեջ էր գտնվում 2018-ից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ», - գրել է Չոբանյանը։
Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2018 թվականի ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։
Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել էր սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով։
Հիշեցնենք՝ Հայաստանը երեկ Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։