Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները այսօր Բրյուսելում քննարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Reuters-ի փոխանցմամբ, սակայն, առավոտյան մեկնարկած դռնփակ նիստի մասնակիցները որևէ վերջնական որոշում այսօր չեն հրապարակելու։
«Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը վերջնական լուծում կստանա հինգշաբթի օրը, երբ Բրյուսելում կհավաքեն ԵՄ պետությունների ղեկավարները», - տեղեկացնում է գործակալությունը։
Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին աշնան սկզբին, երբ Անկարան սկսեց երկրաբանական հետախուզություն իրականացնել Միջերկրական ծովի արևելյան՝ էներգակիրներով հարուստ հատվածում։ Աթենքը և Նիկոսիան, սակայն, հայտարարում էին, որ թուրքական հետազոտական նավերն ու դրանց ուղեկցող ռազմանավերը խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները։
ԵՄ ղեկավարները հոկտեմբերին կայացած գագաթաժողովի ընթացքում Անկարային փաստացի վերջնագիր ներկայացրեցին՝ զգուշացնելով, որ եթե այս ագրեսիվ գործողությունները չդադարեցվեն մինչև դեկտեմբեր, ապա Թուրքիան կարող է բախվել պատժամիջոցների սահմանման իրական վտանգին։ Ավելի վաղ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը հայտարարել էր, որ Բրյուսելում հունական պատվիրակությունը պահանջելու է այլ պատժամիջոցների շարքում Թուրքիայի դեմ նաև սպառազինությունների մատակարարման էմբարգո սահմանել։
Վերջին երկու ամիսներին Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների կարգավորման հիմնական փորձերի հեղինակը պաշտոնական Բեռլինն էր։ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց, որ Բեռլինի ձեռնարկած դիվանագիտական ջանքերն առանձնապես մեծ հաջողությունների չեն հանգեցրել։
«Գերմանիան բավական ակտիվորեն աշխատել է ԵՄ և Թուրքիայի միջև երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ։ Չնայած դրան Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի միջև այնքան շատ սադրանքներ են տեղի ունեցել, լարվածությունն այն աստիճանի է հասել, որ ուղղակի բանակցությունները պարզապես անհնարին էին։ Դա է պատճառը, որ մենք այսօր խոսելու ենք այն հետևանքների մասին, որոնց պետք է հանգեցնի այդ ամենը», - հայտարարել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։
«Անգամ Գերմանիայի համբերությունը անսահման չէ», - մեկնաբանելով Թուրքիայի շուրջ ստեղծված կացությունը՝ Reuters-ին է փոխանցել ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որն անմիջական մասնակցություն է ունեցել այսօրվա հավաքի նախապատրաստական աշխատանքներին։
Նույն աղբյուրի պնդմամբ՝ Թուրքիային ուղղված հիմնական դժգոհությունները, Միջերկրականի ավազանում ստեղծված կացությունից բացի, վերաբերում են նաև Սիրիայում և Լիբիայում Անկարայի վարած քաղաքականությանն ու ներքին կյանքում ավտորիտար միտումների շարունակական խորացմանը։
Ի դեպ, Անկարայի պատասխանը ԵՄ հնչող քննադատությանը չուշացավ։ Այն նույն ժամերին, երբ Բրյուսելում մեկնարկում էր արտգործնախարարների հավաքը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ տեսաուղերձով դիմեց Անթալիայում գործող Միջերկրածովյան համալսարանում ընթացող գիտաժողովի մասնակիցներին՝ պնդելով, որ իր կառավարությունը եվրոպացիների ճնշման առջև չի ընկրկելու։
«Թուրքիան չի ընկրկի սպառնալիքների և շանտաժի առջև։ Միջերկրականի ավազանում նկատվող իմպերիալիստական էքսպանսիան մեզ համար անընդունելի է։ Ցանկացած ծրագիր կամ քարտեզ, որ անտեսում է Թուրքիայի իրավունքները Միջերկրական ծովի արևելյան հատվածում անընդունելի են», - նշել է Էրդողանը։
Անկարայից հնչող այս հայտարարությունները, սակայն, ԵՄ անդամների շրջանում տիրող տրամադրությունների վրա կարծես արդեն չեն ազդում։ Համենայնդեպս, այսօր առավոտյան կայացած առաջին նիստի ավարտին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պնդում էր, որ ԵՄ անդամների շրջանում թուրքական հարցի շուրջ տարաձայնություններ չկան։
«ԵՄ անդամները միակարծիք են, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններում որևէ դրական փոփոխություն չի եղել։ Հստակ է, որ Թուրքիայի այս քայլերին հակազդել է պետք և հենց այդ հարցն է քննարկվելու ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հավաքի ընթացքում», - հայտարարել է հունական արտգործնախարարության ղեկավարը։
Հավելենք, որ Հարավային Կովկասում տիրող կացությունը ԵՄ արտգործնախարարների այսօրվա հավաքի օրակարգում ևս ընդգրկված էր։ Դատելով դաշինքի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքից՝ այս պահին կովկասյան զարգացումները ԵՄ առաջնահերթությունների թվում չեն՝ գտնվելով Հոնգկոնգում ծագած ներքաղաքական ճգնաժամի և Վենեսուելայի ընտրությունների հետ նույն հարթության վրա։