Մատչելիության հղումներ

Դադիվանքում ուդի քարոզիչ չկա, ծառայում են հայ հոգևորականները


«Ուդիները վերադարձան»․ մի քանի օր է ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում հայ միջնադարյան վանական համալիրից՝ Դադիվանքից։ Կից գրառումներում նշում են, որ վանքի քարոզիչ է նշանակվել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանագարին։

ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն է այս օրերին Արցախի թեմի առաջնորդին փոխարինում։ Նա տեղեկացրեց, որ կես ժամ զրուցել է «լեռնամետալուրգի կրթությամբ, բայց լանջախաչով այդ խառը մարդու հետ»․ - «Ինքը հոգևորականի ձեռնադրություն չուներ, ինքը հոգևորական չէր, բայց կրում էր լանջախաչ, որի իրավունքը չուներ՝ ըստ մեր եկեղեցու և ուղղափառ եկեղեցու։ Ինքը կրոնական ծես կատարելու իրավունք չուներ, բայց ինքը ուներ ձեռաց խաչ ձեռքին, որը նույնպես հակասում է»։

Ըստ եպիսկոպոսի, հյուրերը Դադիվանքում երկու ժամ են անցկացրել։ Եկել են ուրբաթ օրը՝ զինվորականների ու լրագրողների մեծ խմբի ուղեկցությամբ։

«Ոնց որ թատերականացված միջոցառում լիներ», - բնորոշում է Վրթանես սրբազանը․ - «Իրենք ուզում էին ակցիա անել։ Որպեսզի մի ծեսանման բան կատարեն, հեռուստատեսությունը նկարի ու գնա։ Ես չթողեցի, ասացի՝ ոչ մի հեռուստատեսություն չի մտնելու։ Դուք ուխտի եք եկել՝ աղոթեք, գնացեք»։

Աստծո տունը՝ Դադիվանքը բաց է բոլորի առջև, բայց եթե տիրոջ իրավունքով են գալիս, չի լինի, ասում է սրբազանը։

Դադիվանքի քարոզիչ նշանակված Դանագարին նաև հայտարարել էր, թե Արցախի տարածքում ավելի քան 300 աղվանական եկեղեցի կա, և ինքն ամենուր կայցելի։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, այս ամենն ունի մաքուր քաղաքական նպատակ, և այդ նպատակը աչք է ծակում. Ադրբեջանը սա միջազգային հանրությանն է մատուցում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ․ - «Եվ սրա վրա հետագայում մենք կտեսնենք, որ դեռ կկառուցվեն ճառեր, ասելիքներ, նկարներ ցույց կտան։ Մեհրիբանը կվազի ՅՈւՆԵՍԿՕ, այնտեղ լաց կլինի, թե աղվանական կառույցները ինչպես են իրենց ձեռքից գնացել․․․ Այս բոլորի մեջ անհայտ է, թե իրենք ովքեր են»։

Ըստ Խառատյանի, աղվանական ժողովուրդներից մնացած ուդիներին է Ադրբեջանն ընտրել կեղծիք ցուցադրելու համար։ Ուդի ժողովուրդը՝ մոտ 3500 հոգի Ադրբեջանում, «քաղաքական գերիներ են դարձել», ասում է Խառատյանը, իսկ հիմա էլ կրոնական նոր համայնք են ձևավորում՝ նույն Ռաֆիկ Դանագարիի առաջնորդությամբ։

«Ադրբեջանի ուդիները հայ առաքելական եկեղեցու հետևորդներ էին», - ասաց Խառատյանը։ - «Ադրբեջանը մի ուդիի ուղարկեց Երուսաղեմ, էնտեղ մկրտվեց Հորդանանում․․․ վերադարձավ, և հայտարարեցին, որ նա Երուսաղեմի ութ գլխավոր քրիստոնեական եկեղեցիների կողմից լիազորված է հայտարարել, որ կա առանձին աղվանական եկեղեցի, և որ իրենք լիազորում են էդ մարդուն հոգևորական լինել և քրիստոնեական ծես անել։ Այդ ութը ես չգիտեմ ինչ եկեղեցիներ են, ինչ լիազորություններ ունեն, էդպիսի բան ուղղակի չկա»։

Հնագույն աղվանական եկեղեցի, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ խուդավենգ, այստեղ են այցելել քրիստոնյա ուդիները։

Հրանուշ Խառատյանն անհեթեթ է համարում այն, որ այժմ հայկական կողմը ստիպված է Դադիվանքի հայկականության պաշտպանությամբ զբաղվել։ Նա վստահ է՝ ուդի թե թուրք կարող են Դադիվանք այցելել, մոմ վառել, բայց կրոնական ծես հնարավոր պետք է դառնա միայն հայ առաքելական եկեղեցում թույլտվությամբ․ - «Այսօր ինձ ուդիները անընդհատ գրում են, թե մենք էլ ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ճիշտ է։ Բայց ես, ցավոք, ստիպված եմ նշել, որ էն գնացողը իրեն հայտարարում է, որ ինքը առաքելական եկեղեցու հետևորդ չի, որ էդ հայ առաքելական եկեղեցին իր համար բռնություն է եղել, և ինքը մի անհայտ աղվանական եկեղեցու հետևորդ է»։

Վրթանես սրբազանը պնդում է, որ Դադիվանքում որևէ կրոնական ծես չի եղել։ Ավելին՝ ուրբաթ օրվա երկու ժամանոց այցից հետո վանքի տարածքում ո՛չ ադրբեջանցի կա, ո՛չ էլ ուդի, հայ հոգևորականներ են, 6 հոգի․ - «Դադիվանքում շարունակում են Արցախի թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկած մեր հոգևորականները մատուցել իրենց ծառայությունները՝ ամենօրյա ժամերգություններ, պատարագներ, հսկումներ»։

Սրբազանի տեղեկացմամբ, վանքի տարածքում այժմ հայ հոգևորականներն են ռուս խաղաղապահների հետ «եղբայրական մթնոլորտում»։ Տարածքում, ճիշտ է, բազմաթիվ խնդիրներ կան՝ չկա հեռախոսակապ, հոսանք, հոգևորականները մոմի լույսով են։

Այս կիրակի Ստեփանակերտից դարձյալ հավատացյալների ավտոբուս է մեկնելու Դադիվանք՝ պատարագի։

XS
SM
MD
LG