Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր համայնքներին, այդ թվում՝ հայկական։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:
«Մշակութային ժառանգության բոլոր հուշարձաններն՝ անկախ իրենց ծագումից, կրոնական պատկանելությունից, կպահպանվեն, կվերականգնվեն և կհանձնվեն բոլոր համայնքների շահագործմանը, ովքեր կապրեն այնտեղ, այդ թվում՝ հայկական համայնքին», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Խոսելով, մասնավորապես, Դադիվանքի վանական համալիրի մասին, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը վերահաստատել է՝ եկեղեցին հասանելի կլինի նաև հայկական համայնքի համար։
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Շուշի քաղաքում, բռնության են ենթարկվել հայկական պատմական հուշարձաններ, արձաններ։ Հաճախ վանդալիզմի դրսևորումները լուսանկարահանվել և տեսանկարահանվել ու տարածվել են ադրբեջանական սոցիալական հարթակներում։