Մատչելիության հղումներ

Անհայտ կորած զինվորների ծնողներն օգնություն են խնդրում Ռուսաստանի Դաշնությունից


Պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց նամակ են գրում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի տակ ստորագրել են մոտ 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։

Խնդրում ենք, աղաչում ենք, խոնարհվում ենք... այս ստորոգյալներով նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ուղղված։ Օրեր շարունակ Հայաստանի պետական գերատեսչությունների շենքերի մոտ ցույցեր անող անհայտ կորած զինվորների ծնողները այսօր կեսօրից հետո հավաքը շարունակեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Հենց տեղում գրված նամակի տակ ստորագրեցին մոտ 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից եկուսին ընդունեց դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը։

«Կարդաց նամակը և ասեց, որ էս նամակին հենց հիմա ընթացք են տալու իրենք, փոխանցվելու է դա դեսպանին, և էսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում էդ նամակը, որ մենք գրել ենք խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և Ռուսաստանի Դաշնությանը, այսօր լինելու է Մոսկվայում։ Եվ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ և օգնեն», - հանդիպումից հետո հավաքվածներին փոխանցեց անհայտ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցը։

Այսօր ավելի վաղ ծնողների մի մեծ խումբ հավաքել էր Պաշտպանության նախարարության մոտ, մի քանիսն էլ՝ Կառավարության շենքի դիմաց։ Հավաքված ծնողները քննարկեցին ու որոշեցինք շարժվել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ, քանի որ, ինչպես իրենք էին նշում՝ իրենց համար ակնհայտ է, որ հայկական կողմը որևէ հնարավորություն չունի իրենց խնդրին լուծում տալ։

Մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ծնողներին երեկ առաջին անգամ ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունում ունեցած 4,5 ժամ տևած զրույցից պարզ է դարձել, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտված հարավային տարածքներում հայկական ուժերը հնարավորություն չունեն որոնողական աշխատանքներ իրականացնելու, ստիպված են ապավինել երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպությունների ջանքերին, որոնց հետ ակտիվորեն աշխատում են:

«Այսինքն նշանակում ա, որ Ադրբեջանը եթե ասեց չէ, չեք մտնում, չեք աշխատում, էդքան դիակներն ու էդքան վիրավորները մնալու են էնտե՞ղ։ Ճիշտ է, Ավինյանը ասեց, որ չէ, նման բան չի լինելու, կա, ասենք, եռակողմ համաձայնագիրը, որտեղ կետ առ կետ նշված ա, որ էս, էս, էս․․․ Բայց էդ համաձայնագրի էդ կետերի վերջնաժամկետը, ինչքան հասկացա, դեկտեմբերի 1-ն ա», - փոխանցեց հանդիպման մասնակիցներից մեկը։

Այդ ընթացքում իրենց որդիների, ամուսինների, զարմիկների մասին թեկուզ աննշան տեղեկություն փնտրողները նկարներով մոտենում են տեսախցիկներին ու դիմում ցանկացածին՝ որոշ դեպքերում նույնիսկ պատերազմի առաջին օրերից անհետացած իրենց հարազատից մի լուր ստանալու հույսով։

«Հոկտեմբերի 20-ից մեռա հիվանդանոցները ման գալով, զանգելով․․․ թեժ գիծ եմ զանգում՝ չկա, իրավաբանի հետ խոսում եմ, ասում ա տվյալներ ուղարկեմ, տվյալ չկա։ Ո՞ւր ա բա էս էրեխեն», - հուզված ճչում էր մի կին։

Իսկ մի տղամարդ վրդովված պատմեց․ - «18-ին կանչել են, 23-ին զանգել ա զինվորական շորով, բան ու այլևս անունը չկա։ Այսինքն՝ էդ տղային առանց պատրաստելու, առանց կրակել սովորեցնելու, առանց տեխնիկային ծանոթացնելու մարդուն քշում են, տանում են առաջին ճակա՞տ»։

Ջաբրայիլ, Հադրութ տեղանունների կողքին հնչում է նաև Երևանը։ Մի կին ինքնուրույն գտել է իր վիրավոր որդու բժշկական փաստաթղթերը, որոնցում գրված է, որ ուղարկել են Երևան, բայց ոչ մի հոսպիտալում գտնել չեն կարողանում։ Անգամ ճշտել են, որ տեղափոխման օրը որևէ շտապօգնության մեքենա դիվերսիոն հարձակման չի ենթարկվել։ Այդ դեպքում ո՞ւր է իմ որդին, հարցնում է կինը․ - «Տվյալ չունեն․․․ Բայց մենք էլ հո էս տվյալներն ունենք․․․ ո՞ւր ա էրեխեն, ո՞ւր ա․․․ չկա․․․»

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ․ սյսօր ավելի ուշ նման հայտարարություն տարածեց Կառավարությանը կից գործող միասնական տեղեկատվական հարթակը։ Ըստ գրառման, կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։

Փոխանցվում է նաև, որ Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Անհայտ կորած զինվորների ծնողների հետ օպերատիվ կապը պահելու նպատակով վարչապետի աշխատակազմից երեկ չէին բացառել , որ հանդիպումները կլինեն շարունակական։

Այսօր Փաշինյանը հանդիպել է ևս հիսուն անհայտ կորած զինծառայողի ծնողների հետ։

XS
SM
MD
LG