Մատչելիության հղումներ

«Ես ինքս ամեն օր սպառնալիքներ եմ ստանում». Մարդու իրավունքների պաշտպան


Այսօր Հայաստանում իրավիճակը բարդ է ու լարված, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով` իրենց դիտարկումները ցույց են տվել, որ օրեր առաջ կազմակերպվել ու ստեղծվել են ֆեյսբուքյան մի շարք օգտահաշիվներ, որոնք ատելություն են տարածում, ընդ որում նպատակային:

Ներկայացնում ենք հատվածներ ֆեյսբուքյան ասուլիսից.

Այսօր Հայաստանում իրավիճակը բարդ է ու լարված. Թաթոյան

Այսօր Հայաստանում իրավիճակը բարդ է ու լարված, արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ես խիստ կարևորում եմ կանխելը, վերացնելը այն ատելությունն ու վիրավորանքները, որ այսօր սոցիալական ցանցերում կան: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մի քանի օր ընդամենը կազմակերպված ձևով ֆեյքային հարձակումներով, ագրեսիվ, ատելություն տարածող, բռնության կոչերով օգտահաշիվներ են գործում, և սրանք կոնկրետ նպատակային ու թիրախներով են: Սա խիստ դատապարտելի երևույթ է», - ասաց Մի պաշտպանը` քաղաքացիներին կոչ անելով հեռու մնալ նման «քննարկումներից»:

Իսկ պետական մարմիններից նա պահանջում է ապահովել նման դեպքերի կիրառումն ու բացառումը երկրում:

Արման Թաթոյանն արձագանքում է վարչապետ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողով և կառավարություն մտնելու դեպքերին, երբ որ ջարդուփշուր էին արել այնտեղ ամեն ինչ, Պաշտպանը չի անդրադարձել, միայն դատապարտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի դեպքը: Արձագանքելով Արման Թաթոյանն ասաց. «Այդ իրադարձությունները ցավալի, երբ տեղի ունեցան, անմիջապես, երբ սկսվեցին հավաքվել հրապարակում մարդիկ, մենք միանգամից գտնվել ենք աշխատավայրում, այդ ժամանակ ես և մեր աշխատակազմը կապի մեջ ենք եղել իրավապահ մարմինների հետ: Երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել, դատապարտել եմ հայտարարությամբ բռնությունը, պարոն Միրզոյանի նկատմամբ այդ անթույլատրելի բռնության կիրառումը, լրագրողների նկատմամբ իրականացված հարձակումը, նաև գույքի, տեխնիկայի հետ կապված, նաև անդրադարձել եմ ընդհանուր առմամբ բացառելու բռնության դեպքերին: Ինչ վերաբերումէ շենքերին, շինություններին, Մարդու իրավունքների պաշտպանը նրա համար չի, որ պաշտպանի շենքերն ու շինությունները, դրա համար կան համապատասխան պետական մարմինները, ՄԻՊ-ը նրա համար չի, որ պաշտպանի պետական մարմիններին»:

Արման Թաթոյանն ընդգծեց` անընդհատ հարց է առաջանում, թե ինչու ինքը կոնկրետ անձանց չի քննադատում, նշեց` եթե այդպիսի կոչ անի, իսկ իրավապահներն էլ, օրինակ, ձերբակալեն, ինչպե՞ս է ինքը վարվելու, եթե այդ անձն իրեն դիմի իր իրավունքների պաշտպանության համար: Ըստ օմբուդսմենի` դրա համար ինքը չի կարող քննադատել անհատներին: «Ես նրա համար չեմ, որ պաշտպանեմ պետական մարմիններին: Ուղիղ ազդեցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները չի տարածվում կոնկրետ անձանց վրա», - նկատեց բանախոսը: Բացի այդ, ինչպես ինքը նշեց, թե այն փաստարկը, որ բավարար իրավապահ մարմինների աշխատողներ չեն եղել` կանխելու վերոնշյալ դեպքերը, անընդունելի է:

Օմբուդսմենը պնդում է` ճիշտ է գիշերը օրերս ձերբակալվածներին այցելելով

Արման Թաթոյանն ասաց` նախորդ օրերի ընթացքում ձերբակալված մի շարք անձանց անմիջապես այդ ժամանակ այցելել է. «Ազգային անվտանգության ծառայությունում բարձր մակարդակի ինձ հետ աշխատանքի սկզբունքներ դրևսորվեցին, համագործակցության բարձր որակ: Բայց այստեղ հարց է հնչում, թե ինչում եմ գնացել գիշերով: Բա էտպես պատասխանատու օրերում ենք գտնվում, Մարդու իրավունքների պաշտպանը պիտի անմիջականորեն տիրապետի և հասկանա իրավիճակը: Ես շատ ճիշտ եմ արել: Բա 2018 թվականին ես այդ ո՞ւմ էի գնում, գիշերն այցելում»:

Մի քանի օգտատերեր նշում են, որ Արման Թաթոյանը այս կամ այն քաղաքական գործչին վիրավորելու կամ հայհոյելու դեպքում անմիջապես հայտնվում է նրանց կողքին, հավելում են, թե Պաշտպանը նախկին իշխանությունների համար է աշխատում: «Դա կարծրատիպ է, խարան է դա, որ 2016 թվականին, երբ ես ընտրվում էի, չգիտեմ` որտեղից հայտվեց էտ, ես երբևէ, որևէ անգամ որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է ամենաբարձր միջազգային ճանաչումը, և այդ կապիտալը մենք այս պատերազմական օրերին էինք օգտագործում հենց 16 ու 17 թվականների աշխատանքի համար», - այսպես արձագանքեց Արման Թաթոյանը` հիշեցնելով, որ ինքն աշխատել է բարդ պայմաններում, իսկ զեկույցներում էլ քննադատություններ են բավականին առկա:

«Ես ինքս ամեն օր սպառնալիքներ եմ ստանում». ՄԻ պաշտպան

«Ես, օրինակ, ինքս ամեն օր սպառնալիքներ եմ ստանում, ամեն օր ստանում եմ, բայց ես չեմ ասում: Մարդկային մոտեցման հարց է, ես չեմ կարող ամեն օր հայտարարել` ինձ սպառնում են, ծեծում են ու գնամ, մարդու իրավունք պաշտպանեմ, բա ես ո՞նց պիտի մարդու իրավունքները պաշտպանեմ», - ասուլիսի ընթացքում հայտարարեց Արման Թաթոյանը` նշելով, որ խոսքը և ֆեյքային սպառնալիքների մասին է, և իրական:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG