Մատչելիության հղումներ

Փաշինյանը հստակեցնում է՝ իր մտադրություններում և գործողություններում չեն կարող լինել բռնության քայլեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկվա իր գրառման շուրջ բարձրացված աղմուկն անտեղի շահարկում է համարում։

«Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ։ Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ, որտե՞ղ եք նման բան տեսել, չի կարելի նման մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ինքն ընդամենը հրապարակային պատրաստակամություն է հայտնել հանդիպելու առաջնագծից վերադարձող զինվորների, ջոկատների հետ, որոնք, ինչպես վարչապետն ընդգծեց, տեսաուղերձների միջոցով իր հետ հանդիպման ցանկություն են հայտնել։

«Սպասում եմ ձեզ Երևանում»․ այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա», - ասաց վարչապետը՝ ընդգծելով․ - «Ես համարում եմ, որ առաջնագծից զորացրվող զինվորներն իրենք նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն և ես պատրաստ եմ լսել նրանց»։

«Վերջնականորեն լուծելու պատի տակ վնգստացողների հարցերը»․ իհարկե այստեղ բավականին կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այս ձևակերպումն օգտագործել եմ։ Սա նշանակում է, որ սահմանում գտնվող զինվորների վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դավադրությունների մեջ է ներքաշված։ Եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը և ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատակները», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի իրավապահ համակարգն ունի բավարար ներուժ՝ քաղաքացիական բախումներ, քաղաքացիական պատերազմ թույլ չտալու համար։

«Երեկվա իմ գրառումները հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի, բացարձակ անտեղի և ես համարում եմ, որ առաջնագծից զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն և ես պատրաստ եմ լսել դրանք», - ասաց վարչապետը՝ եզրափակելով․ - «Հստակ ասում եմ, որ մեր մտադրություններում և գործողություններում չեն կարող լինել բռնության քայլեր, թող ընդդիմություն էլ հայտարարի, ինքը բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, ինքը զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, եթե բացառում է, ուրեմն մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև երկխոսելու, քննարկելու և համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար»։

Երեկ ուշ երեկոյան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ - «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից: Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Այս գրառումը մեծամասամբ ընկալվեց քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ։ Հայտարարությունից հետո որոշ պատգամավորներ հայտարարեցին իշխանական «Իմ քայլը»խմբակցությունից դուրս գալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG