Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել: «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Նրա հաղորդմամբ` դատավոր Ֆարխոյանը ԱԺ նախկին փոխնախագահի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:
Փաստաբան Գարիկ Սահակյանն էլ հայտնեց, որ ազատ է արձակվել նաև ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը: Փաստաբանի ներկայացմամբ` դեռ դատարանի որոշումը չի ստացել, սակայն տվյալներ չեն եղել, որ նա կթաքնվի նախաքննության ընթացքում:
«ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը ևս ճանաչվեց ոչ իրավաչափ։ Իշխան Սաղաթելյանը ազատության մեջ է», - ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Վերջինս նշել է նաև, որ Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը դատական նիստերից հետո հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն, ուր կներկայանան:
Ե՛վ Շարմազանովը, և՛ Մանուկյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված արարքի կասկածանքով, իսկ Իշխան Սաղաթելյանը`ՔՕ 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին երեկ: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն երեկ մասնակցում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին Ազատության հրապարակում, որին հաջորդեց երթը դեպի կառավարություն, ապա Ազգային ժողովի շենք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազատ է արձակվել նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: