Մատչելիության հղումներ

Երևանում 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակեցին պահանջել վարչապետի հրաժարականը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները Մատենադարանից մոտից երթով շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք: Նրանք այնտեղ ասացին, որ իրենց բողոքն են հայտնում, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդներին և ներկայացուցիչներին երեկ ԱԱԾ-ն ապօրինաբար ձերբակալել է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ձերբակալությունները քաղաքական հետապնդում են:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքից հետո ձերբակալվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչների Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Հանրապետության կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը և այլ ներկայացուցիչներ, ավելի քան 10 հոգի:

Փաշինյանի հրաժարականի շուրջ համախմբված քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ վարչապետը «ժողովրդի թիկունքում հանձնել է Արցախը և ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից»: Ցուցարարներն Ազգային անվտանգության ծառայության մոտից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ սկսեցին հանդես գալ ելույթներով:

Երեկ ՀՅԴ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս ցույցերը շարունակական են լինելու, մինչև որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա:

Այսօր Ռուստամյանը շեշտեց, թե Արցախի շուրջ ստեղծված «վիճակի միակ մեղավորը» Նիկոլ Փաշինյանն է, որ ստորագրել է հայտնի համաձայնագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Հանրահավաքի ավարտից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի:

XS
SM
MD
LG