Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլն ու փորձագետները անդրադառնում են Ղարաբաղի շուրջ համաձայնագրին


Արցախ - Ստեփանակերտ, 6-ը նոյեմբերի, 2020թ.
Արցախ - Ստեփանակերտ, 6-ը նոյեմբերի, 2020թ.

«Երկուշաբթի օրը կնքված համաձայնագիրը հանգեցնելու է Հարավային Կովկասի անվտանգային քարտեզի շատ ավելի հարատև և արմատական վերաձևման», - գրում է այսօր The New York Times-ը։ Հարավային Կովկասը որպես Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև սեղմված մի անկայուն տարածաշրջան նկարագրելով՝ ամերիկյան պարբերականի հեղինակը նկատում է. - «Այս համաձայնագրով ամրագրվեցին սեպտեմբերին սկիզբ առած պատերազմում Ադրբեջանին աջակցած Թուրքիայի աճող հավակնությունները այս տարածաշրջանում»։

The New York Times-ի թղթակցի գնահատմամբ՝ «Ադրբեջանը երեկ կնքված համաձայնագրով կարողացավ իրագործել այն նպատակներից շատերը, որոնց երկիրը փորձում էր հասնել տարիներ շարունակ բանակցությունների սեղանի շուրջ՝ այդ թվում ներքին տեղահանվածների վերադարձին»։

Պարբերականի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը «հնարավոր եղավ փրկել անխուսափելի թվացող ռազմական հարձակումից, բայց հետագայում այն իր պաշտպանության համար պետք է ապավինի ռուս խաղաղապահներին»։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը ցասման ալիք է բարձրացրել Հայաստանում», - գրում է բրիտանական The Guardian-ը։

«Ռուսաստանցի խաղաղապահները արդեն իսկ մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Երեքշաբթի օրը հրապարակված տեսանյութերում պատկերված է, թե ինչպես են Ռուսաստանի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները ռազմական ինքնաթիռներով մեկնում [հակամարտության գոտի]։ Հետագայում ռուսական զորքերի շարասյունը նկատեցին նաև հայկական Գորիս քաղաքի մոտ՝ Լեռնային Ղարաբաղի ճանապարհին», - գրում է թերթը` հավելելով. - «Երկու հազար ռուսաստանցի խաղաղապահները կտեղակայվեն վիճահարույց այս տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը տեղի հայկական կառավարությունից զգալի տարածքային զիջումների կարողացավ հասնել»: Բրիտանական պարբերականը նշում է՝ այսպիսով ավարտին է մոտենալու վեց շաբաթ շարունակված պատերազմը, որի ընթացքում հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ100 հազար մարդ տեղահանվեց։

Կիևում լույս տեսնող «Կորեսպոնդենտ» պարբերականը պնդում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ խաղն էր։ «Երկու երկրները միասին վերաբաշխեցին ազդեցության գոտիները և ամրապնդեցին իրենց դիրքերը ստատուս-քվոյի ուժային փոփոխության և բանակցությունների հին ձևաչափերի ու կառույցների ապամոնտաժման միջոցով», - գրում է ուկրաինացի հոդվածագիրը՝ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները պրոյեկտելով նաև Դոնբասի վրա։

«Ուկրաինայի համար սա շատ լավ դաս է, և Կիևը այստեղ հանդես է գալիս հենց թույլ կողմի դերում, որին կարող են հանգիստ [մատների վրա] խաղացնել ոչ շատ բարդ կուլիսային պայմանավորվածությունների միջոցով», - գրում է ուկրաինական հանդեսը։

Թբիլիսիում գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Նոդար Խարշիլաձեն, մեկնաբանելով Ղարաբաղում ձևավորված նոր ֆորմատը, այսօր գրում է. - «Ռուսաստանը ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում, Թուրքիան՝ հեղինակությունը, գուցե նաև այլ ձեռբերումներ ևս ունեցավ»։

Իսկ Վրաստանի որդեգրած տարածաշրջանային քաղաքականությունը թբիլիսցի փորձագետը նկարագրում է մեկ նախադասությամբ. - «Բաժանորդն անհասանելի է և գտնվում է ծածկույթից դուրս»։

Ղարաբաղի խնդրով զբաղվող արևմտյան փորձագետները երկուշաբթի օրը կնքված համաձայնագիրն առայժմ մեկնաբանում են միայն սոցիալական ցանցերում։Բրիտանացի Լոուրենս Բորերսը Twitter-ում հիշեցրել է 2015 թվականին Ղարաբաղի կոնտակտային խմբում հնչած, իր բնորոշմամբ՝ «մարգարեական» հետևյալ տեսակետը. - «Կամ հայերն ու ադրբեջանցիները միասին, սեփական ուժերով և սեփական շահերից ելնելով համաձայնության կգան, կամ էլ որևէ մեկը դա կանի նրանց փոխարեն»։

Թոմաս դե Վաալն էլ Twitter-ի իր օգտահաշվում կիսվել է 90-ականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանի՝ դեռ մինչև պատերազմը հրապարակված մի հարցազրույցով, ընդգծելով դրա հետևյալ հատվածը. - «Մոռացել ենք արդեն, թե ինչպես կորցրինք Առաջին Հանրապետությունը։ Կար ռուս-թուրքական գործակցությունը։ Կար նաև Սևրի դաշնագրի հետապնդման հարցը։ Այն ժամանակ նույնպես փոխանակ ապահովելու այն, ինչ կարելի էր, սևեռվեցինք երազայինի վրա ու կորցրինք հնարավորի մեկ մասն էլ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG