Մատչելիության հղումներ

Բանակը շարունակաբար պնդել է զինադադար ձեռք բերելու անհրաժեշտության մասին. Փաշինյան


Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև հայտարարությունը ստորագրելու որոշումը կայացվել է, երբ բանակը շարունակաբար պնդել է զինադադար ձեռք բերելու անհրաժեշտության մասին, կեսօրին մոտ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև երեկ հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

«Այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ որ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Այսինքն պատկերացնո՞ւմ եք, չէ՞, երբ որ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում, կամ էդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների չլուծման, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ», - նշել է վարչապետը:

Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց. «Օրինակ՝ Զինված ուժերի զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները, տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են զորամասի դռները, շրջափակում են դռները, մեքենաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան, մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին մոտիկ դեպքեր: Սա բերել է շատ լուրջ և շատ ծանր հետևանքների, որի հետևանքները մենք տեսել ենք և իմացել ենք առաջնագծում: Հաջորդ խնդիրը մեր զորահավաքային համակարգի պրոբլեմն է, փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելու, և նրանք արագ կորցնում են մարտունակությունը, և դա խնդիրներ է առաջացնում»:

Թե ստորագրվելիք հայտարարության մասին ինչո՞ւ նախապես չի ասվել՝ Փաշինյանը բացատրեց բանակի մարտունակությունն ապահովելու ձգտմամբ։ «Առաջինը ես ինքս եմ ընդունել, որ այդ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար և պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներկայացվում է և արդյունքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվում, դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա: Մյուս պատճառն էլ կա, որն էլի նույն համատեքստի մեջ է, որ երբ որ հանրությանը ներկայացնում ես այդ բովանդակությունը, պետք է բացատրես նաև, թե ինչու ես այդպիսի բան անում, երբ որ դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, դրանով նաև հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը», - ասաց Հայաստանի վարչապետը:

Թե ինչու, օրինակ, սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, նույն պայմաններով հրադադար չի կնքվել, Նիկոլ Փաշինյան ասաց, որ սեպտեմբերի 27-ին էլ զինադադարի պայմանները նույնն էին՝ հանձնել 7 շրջանները, սակայն նման քայլի չեն գնացել, որովհետև հավատում էին՝ հայ ժողովուրդը, բանակը կկարողանան այնպես անել, որ հայկական կողմերը հրադադար պարտադրեն։

Օրվա ընթացքում Փաշինյանը կրկին ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմեց հանրությանը։

«Պատերազմից առաջ, երբ որ կար նախանշաններ, որոշեի որ պետք է այս պատերազմը կանխել, և այդ ժամանակ էլ պետք է էլի գայի ասեի՝ գիտեք ի՞նչ ժողովուրդ ջան, ուրեմն մենք սենց ընտրություն ունենք, կամ առնվազն 5 շրջանը հանձնում ենք առանց որևէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու կամ պատերազմ ենք ունենում: Ինչո՞ւ չենք եկել ու ասել, նախ, որովհետև ես չէի ուզում, որ մենք էդպես հանձնվենք, ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների համար, հիմա էլ եմ հավատում: Երկրորդը՝ եթե գայի ասեի՝ գիտեք ի՞նչ կամ հիմա մենք էս ենք անում, կամ էլ պատերազմ է լինում, ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, դուք պատկերացրեք էսօր, երբ որ մենք, ցավոք, էդքան անհաջողություն ունեցանք պատերազմում, պատկերացրեք էսօր կամ էսօր էլ չէ՝ մի տասը օր առաջ մի անգամ ցավոտ փոխզիջում արտահայտություն թույլ տվեցի, դա ահավոր վատ արձագանք ունեցավ, ի՞նչ էր ասելու հայ հանրությունը, հայ հանրությունն ասելու էր՝ ոչ, մենք կգնանք, կկռվենք և կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները: Ակնհայտ է, չէ՞, որ այսպես էր լինելու, և արդյունքում մենք ստանալու էինք պատերազմ», - նշեց Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG