Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսըն այսօր առավոտյան ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է անում պահպանել հանդարտությունը, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից:
Հայաստանի և Արցախի իշխանություններին Վեհափառը կոչ է անում «անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ»։
«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
«Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով», - ընդգծում է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ համոզմունք հայտնելով, որ «թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի»։
«Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։ Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին», - ասված է Վեհափառ հայրապետի ուղերձում: