Մատչելիության հղումներ

Պուտինը նշել է՝ ԼՂ խնդրի երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է գտնել Հայաստանի և Ադրբեջանի շահերի բալանսը


«Մեր դիրքորոշումն ի սկզբանե բացարձակ բաց էր․ մենք ելնում էինք նրանից, որ հնարավոր է Ադրբեջանին վերադարձնել հինգ գումարած երկու շրջան՝ ապահովելով հատուկ ռեժիմ Ղարաբաղի համար, Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և այլ», - նման հայտարարություն է արել այսօր ՌԴ նախագահը «Ռուսաստանն է կանչում» խորագրով ՎՏԲ կապիտալ ինվեստ ֆորումի պլենար նիստին ունեցած իր խոսքում։

Սրա հետ մեկտեղ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է գտնել Հայաստանի և Ադրբեջանի շահերի բալանսը։ Ո՞րն է այդ լուծումը, հարցրել է իր խոսքում Պուտինը և շարունակել, որ առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը պետք է ապահովված լինի, և այդ դեպքում կարող են բացվել բոլոր կոմունիկացիները, և կստեղծվի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում լուրջ ներդրումներ կատարելու հնարավորություն։ Իսկ առաջին փուլում պետք է վերջ տալ ռազմական գործողություններին և նստել բանակցային սեղանի շուրջ։

Պուտինը իր այսօրվա խոսքում շեշտել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հավասարակշռված որոշում գտնելու գործին կարող են մասնակցել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այլ նաև Մինսկի խմբի մյուս անդամները, այդ թվում՝ Թուրքիան։ «Եվ այն առաջարկությունների հիման վրա, որոնք ձևակերպվել են Մինսկի խմբի կողմից նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ և Միսնկի խմբի մյուս մասնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի և մի շարք այլ եվրոպական երկրների հետ միասին գալ կոնսենսուսի և հավասարակշռված որոշման։ Դա հնարավոր է անել», - հայտարարել է Պուտինը:

Այսօր Ռուսաստանի նախագահը նորից կրկնել է իր միտքն այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը ի սկզբանե էթնիկ խնդիր է, նորից խոսել է էթնիկ բախումների մասին թե՛ Սումգայիթում, թե՛ Ղարաբաղում, սակայն չի ասել, որ դրանց հետևանքով տուժել են հայերը, շեշտել է միայն, որ հայերը ստիպված են եղել ինքնապաշտպանվել, քանի որ Սովետական Միության ղեկավարությունը չի կարողացել ապահովել նրանց անվտանգությունը և այդ ինքնապաշտպանության արդյունքում Ղարաբաղը և յոթ շրջանները հայտնվել են հայերի վերահսկողության տակ։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ հոկտեմբերի 27-ին ղարաբաղյան խնդիրը Պուտինը քննարկել է Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ինչից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինն առաջարկել է միասին կարգավորել ղարաբաղյան խնդիրը։

XS
SM
MD
LG