Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նորից արձագանքել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, և դա մտահոգիչ է:
Պեսկովը այսօր նաև պատասխանել է Թուրքիայի մասնակցությանը որպես միջնորդ ղարաբաղյան բանակցություններին վերաբերող հարցին, ասելով, որ երեկ արդեն ներկայացրել է դիրքորոշումը, և որևէ նոր բան չկա:
Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցնել հակամարտող կողմերի հետ:
«Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին», - երեկ ասել է Դմիտրի Պեսկովը:
Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նաև ընդգծել է, որ բանակցություններին Անկարայի մասնակցության թեման չի քննարկվել երեկ երեկոյան կայացած Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ:
Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահը զանգել էր Ռուսաստանի նախագահին, սա նրանց արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր վերջին մեկ ամսվա ընթացքում:
Երկու երկրների նախագահները, Կրեմլի հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում, Լիբիայում և Ղարաբաղում: Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել չդադարող ռազմական գործողությունների, ինչպես նաև մերձավոր արևելքից ահաբեկիչների ավելի ընդգրկուն ներգրավվածության վերաբերյալ: Այս մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:
Թե ինչպես է արձագանքել Էրդողանը ռուս գործընկերոջ այս մտահոգությանը հաղորդագրությունում նշված չէ: Փոխարենը Կրեմլը հայտնում է, որ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների և հրադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամը կարգավորելու նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Ժնևում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով NTV թուրքական հեռուստաալիքին, այսօր հայտնել է, որ Էրդողանը Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում առաջարկել է համագործակցել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում: Էրդողանն այս մասին այսօր ասել է Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում։
Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահին առաջարկել է, որ նա խոսի Հայաստանի վարչապետի հետ, իսկ ինքը՝ իր եղբայր Ալիևի հետ։ «Վստահ եմ, որ մենք արդյունք կստանանք», - հայտարարել է Էրդողանը, հիշեցնելով, որ Անկարան հակամարտության հարցում լիովին աջակցում է Բաքվին։
Նա նաև նշել է, որ Պուտինի հետ զրույցում ռուսական կողմին հիշեցրել է «կարմիր գծերի» մասին, որոնք Թուրքիան չի անցնի ղարաբաղյան հարցում: Բացի այդ՝ Էրդողանի խոսքով, ինքը Վլադիմիր Պուտինին տեղեկություններ է փոխանցել այն մասին, թե իբր հայկական կողմում կռվում են քրդերի զինված խմբավորումների վարձկաններ։
Երեկ ղարաբաղյան խնդիրը քննարկել էին նաև Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Պաշտոնական Մոսկվան հայտնել է՝ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն կարևորել են կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի արտգործնախարարը ևս թուրք գործընկերոջ հետ զրույցում խոսել է հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին։
Ի դեպ՝ երեկ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ շփման մեջ էր կորոնավիրուսով վարակվածի հետ և դրա պատճառով ինքնամեկուսացվում է: Այսինքն ղարաբաղյան բանակցություններին, եթե այդպիսիք լինեն, նա կկարողանա մասնակցել միայն հեռավար ռեժիմով։
Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին երեկ նախորդել է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ուժերի ռմբակոծիչը կետային հարված է հասցրել թուրքամետ ահաբեկիչների «Ֆեյլաք աշ Շամ» մարզական ճամբարին: Գրոհայինների ճամբարը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 9 կմ հեռավորության վրա և վերահսկվում է թուրքական ուժերի կողմից։ Ռուսական հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 78 զինյալ։
Երեկ «Ազատության» եթերում ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը ասել էր, թե Մոսկվան գերադասում է այս պահին չմտնել բաց հակամարտության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ և փոխարենը պատժում է Էրդողանին Սիրիայում, որտեղ պաշտոնապես կան և՛ ռուսական, և՛ թուրքական զորքեր։
Ռուսաստանցի փորձագետները պատահական չեն համարում, որ Իդլիբում ռուսների երեկվա հարձակումից հետո Էրդողանը զանգել է Պուտինին և նրանք քննարկել են նաև իրավիճակը Ղարաբաղում։