Մատչելիության հղումներ

Պուտինը նշել է ղարաբաղյան հակամարտության էթնիկ բնույթը, հիշել ցեղասպանությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Վալդայ» ակումբում ժամանակ, Նովո-Օգարյովո, 22-ը հոկտեմբերի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Վալդայ» ակումբում ժամանակ, Նովո-Օգարյովո, 22-ը հոկտեմբերի, 2020թ.

«Վալդայ» քննարկումների ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան՝ իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 հազարից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի:

Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ կցանկանար որևէ փոխզիջում գտնել, ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօր կայանալիք հանդիպումների առնչությամբ Պուտինն ասել է՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին:

Պուտինին ուղղված հարցում ակնարկ կար, որ Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ մղվող պայքարում, որովհետև Ռուսաստանն ու Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն: Սակայն ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը յուրահատուկ կապեր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Նա մի քանի գործոններ է թվարկել և նշել, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են:

Պուտինը նշել է, որ իհարկե ընդհանրությունների հետ մեկտեղ կան նաև տարբերություններ, և չօգտագործելով ցեղասպանություն բառը՝ նա ասել է. - «Մենք հաստատ չենք մոռանա այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելու պատճառի մասին Ռուսաստանի նախագահն ասել է, թե այն չի սկսվել որպես միջպետական կամ տարածքների համար հակամարտություն, այլ էթնիկ բնույթ է կրել: «Ցավոք, դա ևս փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել: Այս ամենը պետք է համալիր կերպով հաշվի առնենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է, չի կարող երկար շարունակվել», - նշել է Պուտինը:

Չխորանալով բանակցությունների մանրամասների մեջ՝ նա ասել է, թե լարված աշխատանք է տարվել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ՝ և կգտնվի լուծումը, դժբախտաբար դա տեղի չունեցավ, և «այսօր մենք ունենք հակամարտություն՝ վատթարագույն տարբերակով»:

«Հիմա առաջինը, ինչ պետք է անել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին ձեռք բերված համաձայնությունը ցավոք չկատարվեց, պետք է ձգտել հասնելու դրա իրականացմանը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ, Պուտինը, գովաբանելով Էրդողանին, նաև ասել է, թե որոշ հարցերում տեսակետները չեն համընկնում. - «Նա չի ճանաչում Ղրիմը, Լեռնային Ղարաբաղը: Մեր կողմից պետք է աշխատենք բոլորի հետ, համբերությամբ լցվենք, ապացուցենք մեր ճշմարտությունը: Տարբեր են դիրքորոշումները Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ՝ Ռուսաստանը գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, եթե 30 տարվա բանակցությունները լուրջ հաջողություններ չեն գրանցել, դա չի նշանակում, թե պետք է սկսել կրակել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

XS
SM
MD
LG