Մատչելիության հղումներ

Հայաստանն այս տարի կփակի շուրջ 7 տոկոս տնտեսական անկմամբ, հայտնում է ԿԲ-ն 


Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան, 27-ը հոկտեմբերի, 2020թ.
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան, 27-ը հոկտեմբերի, 2020թ.

Հայաստանն այս տարի կփակի շուրջ 7 տոկոս տնտեսական անկմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։

Այս սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ հրապարակված կենտրոնական դրամատան «Գնաճի հաշվետվություն/3» զեկույցի համաձայն` 2020թ.-ը Հայաստանը փակելու էր 6.2 տոկոս տնտեսական անկմամբ՝ էլ ավելի վաղ կանխատեսված 4 տոկոս անկման փոխարեն։ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից»,- ասված է Կենտրոնական բանկի այսօր տարածած հաղորդագրությունում։

«Ինչ վերաբերում է տարեկանին, ապա նայեք, մեզ մոտ նույն սլայդում գրված է. «Տնտեսական աճի տեսանկյունից նշված գործոնների ազդեցությունը գնահատվում է շուրջ 1 տոկոս», այսինքն` այն տնտեսական անկմանը, որ մենք նախապես` սեպտեմբերին, կանխատեսել էինք, պետք է գումարել բացասական նշանով ևս 1 տոկոս: Մեր կանխատեսումների համաձայն` շուրջ 7 տոկոս», - նշեց ԿԲ նախագահը:

Այսօր կայացած Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25 տոկոս։

Ըստ Վիճակագրական կոմիտեի երեկ հրապարակած տվյալների` Հայաստանի տնտեսական ակտիվությունն այս տարվա առաջին ինն ամիսներին 6.6 տոկոս անկում է ապրել։

Եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա ներկայացրած տվյալների համաձայն` ամենից մեծ անկում է ապրել շինարարության ոլորտը՝ 15.7 տոկոս, հաջորդը ներմուծումն է՝ 13.7 տոկոս, երրորդ հորիզոնականում ծառայությունների ծավալն է (առանց ներքին առևտրի)՝ 11.7 տոկոս:

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, թե սեպտեմբեր ամսվա տվյալները թույլ էին տալիս ասել, որ տնտեսական անկումը Հայաստանում մեղմվում է. - «Սեպտեմբեր ամսին ապրիլից հետո, կարելի է ասել, գրանցվել է ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը` 7.5 տոկոսային կետ, մնացած դեպքերում մնացած ամիսներին շատ ավելի բարձր է: Սա կարող ենք ասել, որ ըստ էության, տնտեսությունը փորձում էր որոշակիորեն վերականգնվել, քանի որ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման տեմպը գնալով մեղմվում էր»:

«Մյուս կողմից` պատերազմը նոր իրավիճակ է ստեղծում,- շարունակեց տնտեսագետը, - կան որոշակի մտահոգիչ հանգամանքներ տնտեսական առումով, հատկապես խոսքը վերաբերում է Սոթքի հանքավայրի և փոխկապակցված նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքների հետ կապված: Թերևս տեղյակ եք, որ հոկտեմբերի սկզբից ի վեր չի աշխատում Սոթքի հանքավայրը, ենթադրաբար նաև որոշակի պաշարներ սպառելուց չի աշխատի նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: Այդ հանգամանքն էականորեն կարող է ազդել մեր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Ես նկատի ունեմ հոկտեմբեր ամսին: Մյուս կողմից` պատերազմական իրավիճակով պայմանավորված` առանձին ձեռնարկություններ կարող են ունենալ հավելյալ պատվերներ: Խոսքը վերաբերում է հանրային սննդի ոլորտին վերաբերող ձեռնարկություններին, սննդի վերամշակման ոլորտի ձեռնարկություններին, հագուստի վերամշակման ոլորտի ձեռնարկություններին»:

XS
SM
MD
LG