Հայաստանն այս տարի կփակի 4 տոկոս տնտեսական անկմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ վերահաստատելով երկրի գլխավոր դրամատան կողմից մոտ մեկ ամիս առաջ հրապարակած կանխատեսումը տնտեսության չորս տոկոսանոց անկման մասին։
Հունիսի վերջին հրապարակաված Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն. 2020 / 2» զեկույցը կանխատեսում էր, որի տարին Հայաստանի տնտեսությունը կփակի չորս տոկոս անկմամբ, ինչը, փաստորեն, երկու անգամ ավելի է Կառավարության վերջին կանխտեսման համեմատ։
Գործադիրի ապրիլի 23-ի նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, թե 2020թ.-ը Հայաստանի տնտեսությունը կփակի 2 տոկոս անկմամբ, ու հետևանքները չեզոքացնելու նպատակով պատրաստվում է ներգրավել ավելի քան կես միլիարդ դոլար լրացուցիչ պարտք։
Մարտին Գալստյանն կեսօրից հետո լրագրողներին հանդիպել էր՝ տեղեկացնելու, որ այսօր կայացած Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4,5 տոկոս:
Հիշեցրեցինք, որ 2009 թվականին, երբ տարվա կտրվածքով երկրի տնտեսությունը գրանցեց 14,1 տոկոս անկում, Հայաստանի արժույթը մոտ 20 տոկոս անկում ապրեց ամերիկյան դոլարի նկատմամբ։
«Ռիսկ տեսնու՞մ եք, որ է դրամը կարժեզրկվի նաև այս տարի՝ հաշվի առնելով տնտեսական անկումը», - դիմեցինք Կենտրոնական բանկի նախագահին։
Մարտին Գալստյանն արձագանքեց. – «Ես դա ռիսկ չէի անվանի, որովհետև դա մի իրողություն է, որը ձևավորվում է շուկայում` պահանջարկի-առաջարկի փոխազդեցության ներքո, որովհետև ձեր նշած փոխարժեքը հայկական դրամի գինն է այլ արժույթների նկատմամբ: Ոչ մի բան չեմ ուզում բացառել` ո'չ արժեզրկում, ո'չ արժեվորում, որովհետև շուկայական ուժերը դա կորոշեն: Բայց եթե ձեզ բաժանված պրեզենտացիայում նայեք, վեցերորդ էջի սլայդը խոսում է այն մասին, որ մեր կանխատեսումը տնտեսական անկման, այո, չորս տոկոս է այս պահի դրությամբ, բայց միևնույն ժամանակ մենք մի հետաքրքիր բան ենք արձանագրել, որ արդյունաբերության անկման տեմպերը, որը մեր կանխատեսումներով պիտի լինեին ավելի շատ, ավելի թույլ են, ինչը նաև կապված է մեր էսքպորտի թվերի հետ ու հանքահումքային արդյունաբերության հետ: Այսինքն` եթե էքսպորտին գանք ու փոխարժեքին գանք, մյուս կողմից էլ նայենք տրանսֆերտների թիվը, որը ևս մենք կանխատեսում էինք, որ ավելի ցածր կլինի, բայց, ի զարմանս մեզ, հունիս ամսվա ընթացքում տրանսֆերտների թիվը եղավ նույնիսկ մի քիչ ավելի, քան նախորդ տարվա հունիսը (նախնական թվերի մասին եմ խոսում իհարկե): Դա մեզ թույլ է տալիս սպասել, որ ենթադրաբար տնտեսական այն ամենածանր իրավիճակը, որ մենք ունեցանք ապրիլ ամսին, որոշակիորեն փոխվեց մայիսին` դրական առումով, որոշակիորեն ավելի փոխվեց հունիսին: Սպասենք, տեսնենք թվերը ինչ կլինեն: Մեր հաջորդ հանդիպման ընթացքում մենք նոր կանխատեսումով հանդես կգանք ու այդ ժամանակ երևի ավելի հանգամանալից կքննարկենք մեր մյուս կանխատեսման տրամաբանությունը»: