Կառավարությունն այլևս ընդունում է, որ Հայաստանը տարին կամփոփի ավելի քան 2 տոկոս տնտեսական անկմամբ, երեկ երեկոյան «Ազատության» հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Գործադիրը փաստորեն վատացրել է 2020 թվականի տնտեսական զարգացումների մասին իր գնահատականը, որովհետև դեռ ապրիլին նույն Ջանջուղազյանը Կառավարության նիստում խոսում էր, որ տարին Հայաստանը կամփոփի 2 տոկոս տնտեսական անկմամբ։
Ճիշտ է, ֆինանսների նախարարը երեկ հրաժարվեց կոնկրետացնել, թե ասելով ավելի քան 2 տոկոս տնտեսական անկում՝ ինչ թվի մասին է խոսքը։
«Գարնանը Դուք Կառավարության նիստում ասացիք, որ մոտ 2 տոկոս տնտեսական անկում է Կառավարությունը կանխատեսում, բայց ակնհայտ է, որ կարծես թե ավելի շատ է լինելու: Նոր թիվ կա՞ Կառավարությունում շրջանառվող՝ տնտեսական անկումը որքան կլինի այս տարի», - «Ազատության» այս հարցին Ջանջուղազյանն արձագանքեց. - «Ես միայն այդ չասացի գարնանը, որ 2 տոկոս կլինի, ես ասացի, որ մենք քնարկել ենք տարբեր սցենարներ և նախընտրելի ենք համարել այն, ինչը ներկայացվել է որպես Ազգային ժողովի կողմից օրենսդրական նախաձեռնության հիմնավորում: Հիշում եք, որ դա ներկայացնելիս էլ ես ասել եմ, որ անորոշության՝ ներկա պահին առկա աստիճանին համահունչ կանխատեսում է սա՝ այդ ժամանակ հայտնի էր դեռևս ապրիլյան կանխատեսումները, որոնք համաշխարհային տնտեսության վերաբերյալ արվել էին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Բայց հունիսին, Դուք գիտեք, որ հրապարակվեցին այլ այլևս կանխատեսումներ, որոնք էապես ավելի վատն էին, քան ապրիլին հրապարակվածը»:
«Այնպես որ, այդ 2 տոկոսի մասին քննարկումը պետք է կոմպլեքսի մեջ դիտարկել, իսկ կոմպլեքսի մեջ ինքը ներկայացվում էր որպես այս պահին գնահատական: Կան այլ նաև կանխատեսումներ ներկայում, և ինչպես քիչ առաջ ասացի, մենք ոչ հեռու ապագայում՝ առաջիկա տասն օրվա ընթացքում նախատեսում ենք օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնել նախագիծը հաջորդ տարվա բյուջեի, որի մեջ կլինի նաև դրան անդրադարձ», - նշեց նախարարը՝ հավելելով. - «2021 թվականի բյուջեն, այս տարվանն էլ դրա մեջ ներառված կլինի»:
«Այս տարի 2 տոկոսից ավելի շա՞տ է լինելու անկումը», - այս հարցին էլ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. - «Համենայն դեպս գնահատականներով՝ այո, ինչպես և այն ժամանակ կանխատեսում էի, որ կարող է ավելի շատ լինել: Այնպես որ, այդտեղ ոչ մի արտառոց բան, որ կանխատեսումները կարող են վերանայվել, ես, ճիշտն ասած, չեմ տեսնում»:
Նախարարն առայժմ ձեռնպահ մնաց թիվ հրապարակելուց՝ ընդգծելով. - «Առաջիկա տասն օրվա ընթացքում դա ներկայացվելու է, այնպես որ, մի քիչ եկեք համբերենք»: