Մատչելիության հղումներ

Որ պահին Ադրբեջանը պատրաստ կլինի հարցի կարգավորմանը փոխզիջումային հենքի վրա, ըստ Փաշինյանի, կլինի հաջողություն


Շատ բարդ է հասնել դիվանագիտական լուծման, ինչը չնայած չի նշանակում, թե մենք դադարում ենք աշխատանքն այդ ուղղությամբ և չենք շարունակելու աշխատել այդ ուղղությամբ, հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով իր ավելի վաղ արված հայտարարությանը, թե առնվազն այս փուլում Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում, Փաշինյանը նշել է. - «Այս հարցը լուծելու համար պետք են փոխզիջումներ, և ամեն անգամ, երբ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում որևէ փոխզիջման, այսինքն՝ իր դրած նշաձողը թեկուզ մի փոքր իջեցնում է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, նոր պայմաններ: Այդպես է եղել բանակցային գործընթացի շատ երկար մի ժամանակահատվածում, և այդպես է նաև հիմա: Եվ, ըստ էության, ասելով, որ այս պահին դիվանագիտական լուծման հնարավորություն չկա՝ ես նկատի եմ ունենում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, որովհետև Ադրբեջանը պատրաստ չի եղել և պատրաստ չէ փոխզիջումային հենքի վրա Ղարաբաղի հարցի կարգավորման: Եվ որ պահին Ադրբեջանը պատրաստ կլինի նման դիրքորոշման, այդ պահին, կարծում եմ, մենք կունենանք որոշակի հաջողություն: Իսկ քանի դեռ այդպիսի դիրքորոշում չի որդեգրված, շատ բարդ է հասնել դիվանագիտական լուծման, ինչը չնայած չի նշանակում, թե մենք դադարում ենք աշխատանքն այդ ուղղությամբ և չենք շարունակելու աշխատել այդ ուղղությամբ», - նշել է Հայաստանի ղեկավարը:

WION – Ռուսաստանը փորձեց միջնորդություն ունենալ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջնորդական նախաձեռնություն հանդես բերեց` ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այսպիսով` երկու միջնորդական ջանքեր և ոչ մի արդյունք։

Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար:

WION - Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ չեք մասնակցում Վաշինգտոնի նախաձեռնած խաղաղության գործընթացին։

Նիկոլ Փաշինյան – Մենք, իհարկե, մասնակցում ենք։ Մեր արտաքին գործերի նախարարն արդեն Վաշինգտոնում է և այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ (խմբ. հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին): Ես ուղղակի շարադրեցի մեր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարժվեն նույն, այլ ոչ թե տարբեր ուղղություններով:

WION – Արդյոք ակնկալո՞ւմ եք Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Ձեր դիրքորոշմանը,և ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում Նյու -Դելիից։

Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի՝ ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար և ճանաչել նրա անկախությունը:

WION - Հրադադարի հաստատման ուղղությամբ ջանքերը ձախողվել են, խաղաղությանը միտված միջազգային նախաձեռնությունները խաղաղություն չեն բերել։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն երկար սա կարող է շարունակվել, արդյոք երկարատև պատերազմի եք նախապատրաստվո՞ւմ։

Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի հայությունը, ինչպես արդեն ասացի, մինչև վերջ պիտի պայքարի իր անվտանգությունը պաշտպանելու համար: Բայց ես հույս ունեմ, որ մեր գործադրած դիվանագիտական ջանքերը րոպե առաջ կկանգնեցնեն պատերազմը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG