Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է հրադադարի նոր համաձայնագրի, բայց եթե Հայաստանը ընդունի հակամարտության կարգավորման սկզբունքները։
«Այո, մենք պատրաստ ենք, ես բազմիցս հրապարակային ասել եմ դրա մասին: Մենք պատրաստ ենք համաձայնեցնել կրակի դադարեցումը», - նշել է Ալիևը` հավելելով պայմանով, որ Հայաստանը դուրս գա «օկուպացված տարածքներից», ինչպես նաև պնդել է` Հայաստանը պետք է տարածքները վերադարձնելու պարտավորություն վերցնի, որը չի անում։
Վերջերս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե առաջին փուլում Ադրբեջանին վերադարձվելու է հինգ շրջան, հետո երկուսը, Հայաստանի հետ Ղարաբաղը ցամաքային կապ է ունենալու, իսկ կարգավիճակի հարցը՝ հետո։ «Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը արդեն հայտնի է․ դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչև վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ»,- հոկտեմբերի 14-ին ասել էր Լավրովը։