«Ալիևի համար ծուղակ ենք կարում», - Ադրբեջանի սահմանակից Բերքաբերում կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե նոր զինատեսակ են ուղարկում ռազմաճակատ. պատերազմ տեսած գյուղից առաջնագիծ հասած քողարկող ցանցն իսկական ծուղակ է դառնալու։
Մեծ ու փոքր հավաքվել, տնից ունեցած հարմար նյութերը բերել ու ցանցեր են կապում։ Ռոբերտ Խուդավերդյանն ասում է՝ պլան են դրել՝ օրական առնվազն երկու հատ պիտի պատրաստեն ռազմաճակատի համար։
«Ապրելով սահմանամերձ գյուղում ճակատի կռվողի կյանքը, ամեն ինչը մենք լավ ենք պատկերացնում ցանկացած մարդուց, էս ամեն ինչը մեր գլխով անցել է, մենք էլ ենք այստեղ ապրել, 92, 93, 94 թվերին ամբողջ գյուղը մի մարդու նման կանգնած է եղել, օգնությունը գիտենք ինչ է, մենք էլ մեր ուժի պատածը, սահման պահելով էս գործն անում ենք, որ էս մի ամսվա պատերազմը, մեզ համար անքուն գիշեր անցկացրած տղերքին մի բանով օգտակար լինենք, գոնե մի կյանք կարողանանք փրկենք, մի մոր աչքի արտասուք պակասի», - ասաց Խուդավերդյանը:
Բերքաբերից առաջնագծում տարբեր տարիքի զինվորներ կան՝ թե՛ որպես ժամկետային զինծառայող և թե՛ կամավոր զինվորագրված, գյուղում մնացածներն էլ ասում են՝ մի աչքը բաց են քնում։ Իզուր չեն իրենց սահմանապահ կոչում։
«Էն մարդիկ, որ այսօր գյուղացի են, բայց գյուղում չեն ապրում, նրանք էլ են արդեն եկել, ահագին ժամանակ է գյուղում պարեկային ծառայություն ենք իրականացնում գիշերային: Զորքը կանգնած է, բայց դա կապ չունի, մենք էլ ենք կանգնում, չես կարա ասես վտանգը որ կողմից կարա գա, օժանդակ ուժ է, օգնություն է: Այստեղ չլինի՝ կողքի գյուղում կլինի, էն կողքի սահմանին կլինի, կհասնենք, օգտակար կլինենք», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը:
Զորահավաքային և զորակոչային ծառայության Տավուշի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Մուշեղ Ասատրյանը վստահեցնում է՝ զորահավաքից խուսափելը տավուշցու համար խորթ է։ Գրեթե մեկ ամիս տևող պատերազմի ընթացքում դասալիքների ցուցակ չեն ունեցել։
«Խուսափող, էն էլ Տավուշից, զարմանալի է էլի, ընդհանրապես չենք էլ պատկերացնում, որ կարա տենց ինչ-որ մի բան լինի, որ այս պահին, այն էլ Տավուշից որևէ մեկը խուսափի: Հակառակը՝ ում, որ դեռ զորահավաքով չենք ներգրավել, այդ մարդիկ ասում են՝ «եթե մենք չենք գնացել այնտեղ, ուրեմն մենք պատրաստ ենք մեր սահմանում կանգնելու, խնդրում եմ՝ մեզ զենք տվեք՝ բարձրանանք մեր դիրքերը, մեր զինվորների կողքին»: Բայց դե ամեն դեպքում կյանքը շարունակվում է, մենք ունենք գյուղական աշխատանքներ, մեր գյուղացիները վարելու ցանելու շատ խնդիրներ կա, որ իրենք իրենց հարցերն էլ պետք է լուծեն», - ասաց Ասատրյանը:
Արա Խուդավերդյանը կամավորագրված տավուշցիներից է։ Մի քանի ժամով էր տուն եկել ու արդեն ճանապարհ էր ընկել դեպի առաջնագիծ։ Ասաց՝ սովորել են օդուժի հարվածներից խելացի պաշտպանվել ու արագ հակահարված տալ։
«Առավոտյան մի հատ եկել էր, ճանապարհեցինք, գնաց: Այստեղ կարևորը ոգին է, եթե դու ունենաս ամենահզոր զենքը, չունենաս ոգի, ոչ մի բանի պիտանի չես: Պատերազմական իրավիճակում, երբ որ զգում ես թշնամիդ քեզ դեմ առ դեմ կանգնած է կամ կրակում է քո վրա, ուղղակի փոխվում է քո մեջ ամեն ինչ, մի ուրիշ ձև ես մտածում, այդ վախը չկա ընդհանրապես, բառեր չկա, որ բացատրեմ ինչ է: Համենայն դեպս մենք անվախ ենք ու մինչև վերջ պահելու ենք մեր հայրենի հողը», - նշեց նա:
Տավուշում գյուղացին իր գործերին է, բայց ականջը զանգի ձայնին, աչքը՝ ճանապարհին։ Սերժիկ Խանումյանն իր այգում խոտ էր հնձում ու ասում՝ պատերազմական գոտուց ստացվող երեք վայրկյանանոց զանգերն էլ են սիրտը հովացնում, միայն թե լուր ստանա, որ սահմանը պահող որդիները ողջ-առողջ են։ «Մի ականջս այստեղ է, մեկն էլ՝ իմ ժառանգներին, որ լավն իմանամ, լավը լսեմ, զանգում ենք Ղարաբաղի տղային, ասում է՝ լավ եմ ու վերջ: Ես ցանկանում եմ մեր հայ ժողովրդին հաղթանակ, խաղաղություն լինի, պատերազմ չլինի», - ասաց Խանումյանը: