Մատչելիության հղումներ

Էրդողանը վերստին վիրավորել է Մակրոնին, քննադատել` Նահանգներին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Չնայած պաշտոնական Փարիզի ու Արևմուտքի կոշտ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահն այսօր վերստին կրկնել է Ֆրանսիայի նախագահի հասցեին ուղղված անվայելուչ խոսքերը, և երկրորդ անգամ հայտարարել՝ Էմանյուել Մակրոնը պետք է իր «հոգեկան առողջությունը ստուգի»:

Ոտնահարելով դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը՝ Էրդողանն անգամ հարկ չի համարել Ֆրանսիայի առաջնորդին իր անուն-ազգանունով դիմել։

«Անձնավորությունը, որ ղեկավարում է Ֆրանսիան, վերջերս ճանապարհից շեղվել է, ամբողջ օրը միայն Էրդողանի մասին է խոսում։ Նախ, ինքդ քեզ նայիր՝ ուր ես գնում, ես ասել եմ Կայսերի քաղաքում երեկ՝ նա իսկապես պետք է հոգեկան ստուգման ենթարկվի», - ժամեր առաջ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահի երեկվա հայտարարությունից հետո Ֆրանսիան ի նշան բողոքի ետ էր կանչել Անկարայից իր դեսպանին՝ առաջին անգամ երկկողմ հարաբերությունների մեջ։ Արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն էլ հատուկ հայտարարություն էր տարածել, պնդելով, թե Անկարան ատելություն է սերմանում Ֆրանսիայի դեմ և Ֆրանսիայի ներսում։

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա ամեն առումով վտանգավոր է», - «Ֆրանսպրես»-ին փոխանցել էին Ելիսեյան պալատից։

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները տարակարծիք են մի շարք հարցերում, այդ թվում՝ Միջերկրականում Թուրքիայի սկսած հետախուզական աշխատանքների, սիրիական ու լիբիական ճգնաժամերին Անկարայի միջամտության, հետո էլ՝ ղարաբաղյան խնդրում Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ աջակցության պատճառով։ Վերջին կաթիլը դարձավ ֆրանսիացի ուսուցչի սպանությունը Փարիզի արվարձաններից մեկում․ ծայրահեղական ահաբեկիչը գլխատել էր պատմության ուսուցչին, ով ընդամենը իր դասարանին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն ու պատմել Ֆրանսիայում խոսքի ու դավանանքի ազատության մասին։

«Նա մեր հերոսն էր, մեր Հանրապետության դեմքը», - ուսուցչի հուղարկավորությանը հայտարարել էր Էմանյուել Մակրոնը, ընդգծելով՝ Ֆրանսիան երբեք իր արժեքներից չի հրաժարվի։

«Սամյուել Փաթին սպանվեց միայն այն բանի համար, որ հավատում ու պաշտպանում էր մեր Հանրապետության սկզբունքները, և ամեն օր վերահաստատում դա դասասենյակներում։ Սամյուել Փաթին սպանվեց, քանի որ իսլամիստները ցանկանում են խլել մեր ապագան։ Նրանք գիտեն, որ հենց այսպիսի՝ լուռ հերոսների շնորհիվ, դա նրանց երբեք չի հաջողվելու», - հայտարարել էր Ֆրանսիայի առաջնորդը։

Պաշտոնական Անկարան ահասարսուռ այս ողբերգությունից հետո ցավակցական որևէ խոսք չէր հնչեցրել, կատարվածը չէր դատապարտել։ Ավելին, նախագահ Էրդողանը երեկ, դիմելով իր աջակիցների ամբոխին, Մակրոնին էր քննադատել ու վիրավորել։

«Ի՞նչ խնդիր ունի Մակրոն կոչվող անհատը իսլամի ու մահմեդականների հետ։ Մակրոնը հոգեկան բուժման կարիք ունի, էլ ինչպե՞ս կարող ես կոչել երկրի առաջնորդին, ով չի հասկանում կրոնի ազատությունը և նման կերպ է իրեն պահում իր երկրում ապրող միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր այլ հավատք են դավանում», - ասել էր Թուրքիայի նախագահը:

Էրդողանի այս հայտարարություններին ի պատասխան Ելիսեյան պալատը ոչ միայն ետ էր կանչել իր դեսպանին, այլև վերջնաժամկետ տվել Էրդողանին՝ իր «անընդունելի» վարքագիծը փոխելու համար։ Ընդ որում, «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում Մակրոնի աշխատակազմի ներկայացուցիչը պնդել էր, որ Փարիզը փոփոխություն է ակնկալում նաև ղարաբաղյան հարցում։

«Էրդողանը երկու ամիս ժամանակ ունի՝ վերջ տալու իր վտանգավոր արկածներին Միջերկրական ծովի արևելքում և անպատասխանատու պահվածքին Ղարաբաղի հարցում: Մենք ակնկալում ենք այս ուղղություններով Թուրքիայի քայլերը տեսնել մինչև տարեվերջ», - շեշտել էր ֆրանսիացի պաշտոնյան:

Եվրամիությունը ևս խստորեն քննադատել էր Էրդողանի վարքագիծը:

«Հորդորում եմ Թուրքիային դադարեցնել հակադրության այս վտանգավոր ընթացքը», - Թվիթերում գրել է Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատարը։

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, այսօր առավոտից ճիշտ հակառակն է անում՝ ավելի սրելով իրավիճակը: «Եկել է ժամանակը՝ դադարեցնելու Եվրոպայի երես առած առաջնորդներին՝ ֆաշիստական մտածելակերպով», - վաղ առավոտյան Թվիթերում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նախագահ Էրդողանն էլ այսօր ոչ միայն որոշել է Մակրոնին կրկին հոգեբույժի մոտ ուղարկել, այլև պնդել է, թե չի հրաժարվելու իր հետախուզական աշխատանքներից Միջերկրական ծովում՝ չնայած Կիպրոսի ու Հունաստանի դիմակայությանը, ինչպես նաև շարունակելու է ռուսական S-400 հրթիռների փորձարկումները, ինչին խստորեն ընդդիմանում են ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները։

«Միացյալ Նահանգները չի հասկանում՝ ում հետ գործ ունի, ասում են՝ այդ համակարգերը ետ ուղարկեք Ռուսաստան, բայց մենք ցեղախումբ չենք, որ ձեր թելադրանքներով առաջնորդվենք», - այսօր հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս պնդել է, թե Վաշինգտոնը հանգիստ կարող է Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել: «Արեք ինչ մտքներովդ անցնում է, մի ուշացրեք», - ծաղրալից տոնով հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ դիմելով Մալաթիայում հավաքված աջակիցներին։

Անկարան ռուսական համակարգերի փորձարկումները սկսել էր շաբաթասկզբին։ Անցած ուրբաթ Պենտագոնը խստորեն քննադատել էր Թուրքիայի այդ քաղաքականությունն ու ընդգծել, որ այդ քայլերը սպառնում են լուրջ հետևանքներ թողնել «անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների վրա»։

XS
SM
MD
LG