Մատչելիության հղումներ

Մակրոնի հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններից հետո Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը (Ա) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Ձ)
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը (Ա) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Ձ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ է արել ֆրանսիացի գործընկերոջ հասցեին, որից մի քանի ժամ անց պաշտոնական Փարիզը հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Դեսպանը պետք է հանդիպի Էմանյուել Մակրոնին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Մուսան կանչվել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչություն՝ պարզաբանման համար:

«Նախագահ Էրդողանի հայտարարություններն անընդունելի են։ Ավելորդություններն ու կոպտությունը ճիշտ ճանապարհ չեն։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, որովհետև դա վտանգավոր է բոլոր առումներով», - «Ֆրանսպրես»-ին փոխանցել են Ելիսեյան պալատից։

Այսօր Կայսերի քաղաքում ելույթ ունենալով իր ղեկավարած «Արդարություն ու զարգացում» կուսակցության անդամների առջև, Էրդողանն ասել է, թե Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների նկատմամբ իր վերաբերմունքի համար։

«Ի՞նչ խնդիր ունի Մակրոն կոչվածը մուսուլմանների ու իսլամի հետ։ Մակրոնը հոգեբույժին այցելելու կարիք ունի։ Ի՞նչ կարող եմ ասել մի պետության ղեկավարի մասին, որը գաղափար չունի հավատքի ազատության մասին և որը այդպես է վերաբերվում իր երկրում ապրող և ուրիշ կրոն դավանող միլիոնավոր մարդկանց։ Առաջին հերթին՝ այց հոգեբույժի մոտ։

Դուք միշտ Էրդողանի մասին եք խոսում։ Էրդողանի մասին խոսելը ոչ մի օգուտ չի տալիս։ Ինչևէ, մի տարուց ընտրություններ են։ Կտեսնենք, թե ինչ ճակատագրի կարժանանա նա մի տարուց։ Չեմ կարծում, թե այդքան երկար ձգի։ Ինչո՞ւ ոչ մի բան չի անում Ֆրանսիայի համար, որ իր երկրի սիրտը շահի», - ասել է Թուրքիայի նախագահը։

Մի քանի օր առաջ Մակրոնը խոստացել էր պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։ Մակրոնի այս հայտարարությանը նախորդել էր իսլամիստ ծայրահեղականի կողմից պատմության ուսուցչի գլխատումը։

Թուրքիան և Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ադամներն են, բայց մի շարք տարաձայնություններ ունեն, դրանց շարքում է նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Մակրոնը մեկ անգամ չէ, որ քննադատել է Թուրքիայի պահվածքը ղարաբաղյան այս նոր պատերազմի ընթացքում, նաև առաջինն էր, որ ուղիղ հայտարարեց Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG