Մատչելիության հղումներ

Հայաստանում այս օրերին ակտիվ սովորում են կրակել, նաև առաջին բուժօգնություն ցուցաբերել ռազմական պայմաններում


Ինչպե՞ս տասը վայրկյանում արագ վիրակապել կամ առաջին օգնություն ցույց տալ դաշտային պայմաններում ձեռքի տակ եղած միջոցներով, օգտագործե՞լ բինտը, թե՞ մոռանալ դրա մասին:

«Աղետների ժամանակ մոռանում եք բինտը, էտ հրաշքով, որ կոչվում է գլխաշոր` կասինկա, եռանկյունաձև վիրակապ», - «Սպարտա» գոյատևման կենտրոնի ղեկավար Սպարտակ Հովհաննիսյանը բացատրում է ինչ անել, թե կողքիդ վիրավոր կա, որին պետք է օգնել: Բայց և անմիջապես զգուշացնում է` իրականում ամեն ինչ լինելու է ոչ այնպես, ինչպես սովորեցնում են։

Առաջին բուժօգնության դասերը ռազմական դրության այս օրերին շատ պահանջված են, խաղաղ ժամանակներում տարբեր դասընթացներ կազմակերպող «Բիզնես դիվելոփմենթ գրուփն» (Business Development Group) էլ որոշեց սովորական թեմաները ժամանակավորապես մի կողմ թողնել ու առաջին բուժօգնության վրա կենտրոնանալ։

«Սա առաջին փորձն է, սակայն պահանջարկը շատ-շատ մեծ է անկեղծ ասած, դիմորդների քանակը շատ մեծ էր, և գուցե որոշակի առումով շարունակական լինի, որպեսզի ինֆորմացիան հասցնենք հնարավորինս շատ մարդու փոխանցել», - ասում է Business Development Group-ի ներկայացուցիչ Նորա Հարությունյանը:

Հազարից ավելի հետարքրքրվողներից քովիդի պատճառով միայն 40- ն են լսարանում հետևում դասի, մյուսները` օնլայն։ Սոնա Մնջոյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց բժշկությամբ հետաքրքրվում է վաղուց, իրենց տան «բուժքույրն» է, գիտի սրսկել ու վիրակապել, այժմ ուզում է ավելին սովորել. - «Միշտ սիրել եմ հասնել օգնության, էտ պատերազմական իրավիճակում շատ հնարավոր է` այսպիսի ոչ մասնագետների կարիքը զգացվի, և մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք»:

Այս դասերին անգամ բժշկական կրթություն ունեցողներին են գալիս. Ասատուր Չարքմանյանը Բժշկական համալսարանն է ավարտել, ընդհանուր պրակտիկայի բժիշկ է, ասում է՝ առաջին բուժօգնություն սովորել է համալսարանում, բայց դաշտային պայմաններում ձեռքի տակ եղած իրերով արագ կողմնորոշվելու համար լրացուցիչ փորձ է պետք. - «Միանշանակ, մասնագետներին օգտակար է, որովհետև սա այլ ոլորտ է, որովհետև մենք սովորում ենք քաղաքացիական պայմաններում բուժօգնություն, որը տարբերվում է մարտական պայմաններում իրականացվող բոօգնությունից, և պրոֆեսիոնալ առումով միանշանակ տարբերություն կա»:

Առաջին բուժօգնություն, նաև լեռնային տարածքում գոյատևել ու կրակել սովորեցնում են ոչ լսարանային՝ բնականին ավելի մոտ պայմաններում՝ «ՈՄԱ»-ում։ «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությունը հիմնադրել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի ղեկավար Վովա Վարդանովը և արդեն 6 տարի է՝ բոլոր ցանկացողներին սովորեցնում է ինչպես ինքնաձիգով լեռներում գոյատևել, ինչպես կրակել ու մագլցել, հարկ եղած դեպքում առաջին բուժօգնություն ցույց տալ։

«Մենք այնպիսի երկրում և այնպիսի պայմաններում ենք ապրում, որ դպրոցական տարիքից նույնիսկ երեխաները պետք է պատրաստ լինեն, գիտակցեն, թե մենք ինչի կարիք ունենք: Մենք ունենք մարտունակ մարդու կարիք, ով պետք է իմանա կրակել, պետք է իմանա մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերել: Սա շատ կարևոր է, և այս օրերին հիմա նոր մենք զգում ենք դրա կարևորությունը», - ասում է «ՈՄԱ» ՀԿ անդամ Անգին Խաչատրյանը:

Սովորաբար կես տարի տևող և հավաքներով ուղեկցվող դասընթացը ռազմական պայմաններում խտացվել է, տևողությունը մեկ -երկու շաբաթ դարձել, որ ռազմաճակատ մեկնելուց առաջ երիտասարդներն ավելի պատրաստված լինեն։ Դասընթացներն անվճար են, կազմակերպությունը գործում է հանգանակություններից առաջացած միջոցներով։ Ղարաբաղ մեկնելու համար կամավորագրվածների մի մասը այստեղ է նախնական պատրաստություն անցնում. - «Արդեն երեք վաշտ ճանապարհել ենք, երեք վաշտ գտնվում են մեր զինվորների կողքին մարտական տրամադրությամբ և որոշակի պատրաստվածությամբ: Ճանապարհելու ենք նաև չորրորդին»:

Վաչագան Քոթանջյանը հայրենադարձ է և Ղարաբաղ մեկնող կամավորներից մեկը։ Ռուսաստանում գյուղատնտեսական արտադրություն ունեցող երիտասարդը Հայաստան էր հասել սեպտեմբերի 22-ին, ողջ արտադրությունն էլ իր հետ բերել՝ այստեղմշտապես հաստատվելու և աշխատելու համար. - «Սահմանները շատ երկար ու շատ դժվար անցանք, դրա համար եկա, ամսի 22-ին ես մտա Հայաստան, ասացի` գոնե մի շաբաթ հանգստանամ, մի հատ ուշքի գամ, նոր գնամ, արդեն ընտանիքիս բերեմ: Էն էլ մինչև իմ հանգստանալն իմացանք, որ սենց բան է սկսվել»:

Մինչև ընտանիքը բերելու համար դարձյալ Ռուսաստան գնալը լսեց պատերազմի բոթը, կամավոր գրվեց և մինչև զինկոմիսարիատից կկանչեին, տանը սպասելու փոխարեն եկավ պարապմունքների. - «Ես բանակում չեմ ծառայել, Ռուսաստանում շատ ենք գնում որսի կամ գնում էինք, տիրում կրակում էինք տարբեր զենքերից, բայց ասել պատերազմի պատրաստություն, չէ, այդպիսի բան չի եղել: Շատ է ինֆորմացիան, ու ինչքան կարում, սովորում, ընտելանում ենք, որ ինչքան կարանք, պատրաստված գնանք, որովհետև կռիվ ա, էնտեղ մեր տղաները, մեր ախպերները, իրենց կարողանանք օգնել, իրենք էլ մեզ կարողանան օգնել»:

Թերեզա Աղամյանը լողորդ է, Ֆիզկուլտի ինստիտուտի շրջանավարտ, նույնպես ցանկանում է կրակել սովորել՝ առաջնագիծ գնալու համար, բայց այժմ ավելի շատ առաջին բուժօգնություն է սովորում. չծառայած աղջիկներին ասում է՝ ռազմաճակատ կռվելու չեն տանում. - «Հուսով եմ, որ լավ ստացվի մոտս, որ պատրաստ լինեմ, որ չխառնվեմ իրար, կգնամ, մեր տղերքին կօգնեմ առաջին բուժօգնության գծով թեկուզ: Շատը կուզենայի կենտրոնանալ կռվելու վրա, բայց ասում են` «ՈՄԱ»-ից աղջիկներին, որ տանում են, բուժօգնության համար են տանում, դրա համար թեկուզ էտ գծով էլ գնամ, բայց օգնեմ մեր տղերքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG