Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Փոմփեոն հաստատել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղության գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը


Քիչ առաջ տեղի է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:

Պետքարտուղար Փոմփեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:

Երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Փոմփեոն Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Վաշինգտոնում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Մինչ այս հանդիպումները լրագրողների հետ զրույցում Մայք Փոմփեոն ընդգծել էր, որ իր նպատակն է նախ և առաջ կրակը դադարեցնել։

«Տեղում բարդ իրավիճակ է, այդ թվում՝ դիվանագիտական առումով։ Այս հարցում մեր դիրքորոշումը ինչպես և եվրոպական երկրների, մնում է նույնը՝ առաջ գնալու ճիշտ ճանապարհը հրադադարն է։ Ես հորդորելու եմ արտգործնախարարներին թուլացնել լարվածությունը, ընդգծելու եմ, որ յուրաքանչյոր երրորդ երկիր պետք է զերծ մնա միջամտությունից և էլ ավելի չբորբոքի այս հակամարտությունը՝ զենք ու աջակցություն առաջարկելով»,- ասել էր պետքարտուղարը Մնացականյանի ու Բայրամովի հետ հանդիպումից երկու օր առաջ։

Ավելին, Մայք Փոմփեոն ընդգծել էր, որ միայն այդ՝ հրադադար հաստատելու և երրորդ կողմերի միջամտությունը դադարեցնելու դեպքում է հնարավոր հասնել դիվանագիտական այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար․ դիրքորոշում, որ վերջին շաբաթներին շարունակ կրկնում է հայկական կողմը։

Հանդիպմանն ընդառաջ Կոնգրեսի մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ՝ թե հանրապետական, թե դեմոկրատական ճամբարներից, շրջանառության մեջ են դրել բանաձևի նախագիծ, որը կոչ է անում վարչակազմին «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»: Օրինագիծը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչպես նաև ընդգծում է՝ Արցախը ևս պետք է ուղղակի մասնակցություն ունենա ԵԱՀԿ շրջանակում ընթացող բանակցային գործընթացին։

XS
SM
MD
LG