Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը երեկոյան մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ղարաբաղյան բանակցություններին:
«Հատուկ հանձնարարություններով մեր դեսպանն {Իգոր Պոպովը} ուղևորվել է Վաշինգտոն, այնտեղ նախատեսված են ԱՄՆ ներկայացուցիչների հետ մասնագիտական խորը շփումներ Ղարաբաղի հարցով, տեղի կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը», - ասել է Ռյաբկովը:
ԱՄՆ մայրաքաղաքում պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր պետք է առանձին հանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպում, կամ պետքարտուղարի և համանախագահների մասնակցությամբ հանդիպում:
ԱՄՆ Պետական դեպարտամենտը երեկ երեկոյան հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների նախնական ժամանակացույցը:
Ենթադրվում է, որ Մայք Փոմփեոն այսօր Վաշինգտոնի ժամանակով ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով 17:30) կընդունի Ջեյհուն Բայրամովին, իսկ մեկ ժամ անց՝ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին) կընդունի Զոհրաբ Մնացականյանին:
ԱՄՆ պետական դեպարտամենտի փոխանցմամբ, Բայրամովի և Մնացականյանի հետ Փոմփեոյի հանդիպումներին ներկա կլինի ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալ Սթիվեն Բիգանը և քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը: