Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է


Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալներն Աֆրինում, արխիվ
Սիրիա - Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալներն Աֆրինում, արխիվ

«Ադրբեջանական բանակի կազմում կռվող սիրիացի զինյալների շրջանում զոհերի թիվը գնալով աճում է», - կիրակի օրը հրապարակված հերթական հաղորդագրության մեջ պնդում է Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կառույցը։

Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին ամենօրյա ռեժիմով հետևող այս կառույցի ներկայացուցիչների պնդմամբ՝ Ադրբեջանում, հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։

«Մեր աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտերը այն աստիճանի կատաղի բնույթ են կրում, որ առաջնագծում գտնվող սիրիացի վարձկանները հայտնվել են լուրջ ճնշման տակ, նրանք սթրեսային վիճակում են», - փոխանցում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» ներկայացուցիչները՝ մանրամասնելով. - «Որոշ զինյալներ, փրկվելով կատաղի մարտերից, հրաժարվում են իրենց հասանելիք գումարից և վերադառնում Սիրիա»։

Իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչները Սիրիայի հյուսիսային շրջաններում գտնվող իրենց աղբյուրները վկայակոչելով նաև պնդում են, որ զոհված սիրիացիներից 92-ի մարմինները արդեն իսկ Թուրքիայի տարածքով վերադարձվել են Իդլիբ՝ հուղարկավորության նպատակով։

Նման իրավիճակում, ըստ կենտրոնի, թուրքական հատուկ ծառայությունների համար հույժ կարևոր խնդիր է դառնում զոհվածների և դասալիքների փոխարեն Ադրբեջան նոր զինյալներ ուղարկելը։

«Օրերս թուրքական կառավարությունը «Սուլթան Մուրադ» խմբավորման և «Ալ Համզաթ» դիվիզիայի, մի շարք այլ խմբերի զինյալների նոր, 400-հոգանոց խումբ է ուղարկել Ադրբեջան։ Նրանք ավելի վաղ պետք է ուղարկվեին այդ երկիր, սակայն գործընթացը դանդաղել էր հրադադարի մասին պայմանագրի կնքման պատճառով», - նշում են «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» փորձագետները՝ պնդելով, որ այդպիսով Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2 հազարի։

Իրավապաշտպան կառույցն, ի դեպ, իր վստահելի աղբյուրները վկայակոչելով նաև նշում է, որ Թուրքիան զինյալների հավաքագրման գործընթացը սկսել է իրականացնել կատարյալ գաղտնիության պայմաններում։

«Թուրքական կառավարությունը և դրան ենթակա հետախուզական կառույցները հավաքագրման գործընթացը պատել են գաղտնիության շղարշով՝ միջազգային հանրության հնարավոր որևէ արձագանքից և վարձկանների հավաքագրման մասին [միջազգային] օրենքների պահանջների կատարումից խուսափելու համար», - ընդգծում են կենտրոնի ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG