Մատչելիության հղումներ

Հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը, վստահ է Փաշինյանը


Բարդ իրավիճակ է, երկու կողմում էլ շատ զոհեր կան, այսօր Россия сегодня-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով իրավիճակը: Միաժամանակ նա նշել է` Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը, կազմակերպում է պաշտպանությունը, և իրավիճակը կարող եմ գնահատել որպես բավական բարդ:

«Շատ փորձագետներ ասում են, որ իր մասշտաբներով սա աննախադեպ պատերազմ է 21-րդ դարում: Որովհետև գործի են դրված բոլոր տեսակի սպառազինությունները՝ տանկեր, անօդաչուներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, զրահամեքենաներ, հրետանի, հրիթիռային հրետանի և այլն: Եվ շատ զինծառայողներ և զորք են ներգրավված այս ռազմական գործողություններում: Այսինքն՝ շատ մասշտաբային և դաժան մարտեր են ընթանում: Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակն ապահովում է պաշտպանությունը: Եվ փաստացի մենք կարող ենք ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլանները՝ բլից-կրիգով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, տվյալ պահին տապալվել են», - նշել է նա:

Հարցին, թե հաճախ են հիմա լսվում օտարերկրացի վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից, ապացույցներ ունե՞ն այդ կապակցությամբ, և արդյոք Հայաստանի կողմից կռվո՞ւմ են օտարերկրացիներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. - «Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր նյուանս է և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալներ ու ահաբեկիչներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:

Կարևոր է հասկանալ նաև՝ ինչու: Որովհետև ակնհայտ էր, որ Ադրբեջանի բանակը միայնակ ունակ չէ պատերազմել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի դեմ: Եվ դրա համար էլ Թուրքիան որոշել է ներգրավել ահաբեկիչների: Թուրքական բանակը նույնպես ներգրավված է ռազմական գործողություններում՝ ոչ միայն ղեկավար կազմում, այլև անմիջականորեն թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները: Ըստ որոշ տեղեկությունների, այս ռազմական գործողություններում նաև ներգրավված են Պակիստանի բանակի հատուկջոկատայինները: Եվ ես կարծում եմ, որ նվազագույնը Թուրքիայի կողմից զինյալների մասնակցությունն արդեն ապացուցված է ողջ աշխարհում, քանի որ միջազգային շատ լրատվամիջոցներ արդեն գրում են այդ մասին:

Վերջին օրերի ընթացքում շատ հետաքրքիր տեղեկություններ ստացվեցին Ռուսաստանից՝ Հյուսիսային Կովկասից, երբ Չեչնիայում, Դաղստանում զինյալներ ոչնչացվեցին, և տեղեկություններ կային, որ այդ զինյալները Ռուսաստան եկել էին արտերկրից, եկել էին Սիրիայից: Եվ այս գործընթացում ես անմիջական կապ եմ տեսնում. Սիրիայից զինյալները Թուրքիայի կողմից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որպեսզի պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ հիմա նրանք սկսել են հայտնվել Հյուսիսային Կովկասում: Սա շատ ուշագրավ փաստ է, որը ցույց է տալիս, որ այս իրավիճակն արդեն պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին չէ, այլ դուրս է եկել դրա սահմաններից՝ լոկալ իմաստով: Այն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որը շոշափում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Եվ ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է շատ ուշադիր լինեն այդ փաստի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, չկա որևէ օտարերկրացի, ով Ղարաբաղի կողմից է կռվում: Կարող են լինել որոշ հայեր, ովքեր եկել են սփյուռքից՝ աջակցելու իրենց հայրենակիցներին: Բայց, իհարկե, նրանց չի կարելի համարել վարձկաններ»:

Россия сегодня – Պարոն վարչապետ, եթե խոսենք փոխզիջումների մասին, ի՞նչ փոխզիջման եք պատրաստ: Եվ կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չեք նահանջի:

Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել:

Россия сегодня - Ներեցեք, ճշտում՝ կոնկրետ ի՞նչ փոխզիջման մասին եք նշում:

Նիկոլ Փաշինյան - Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների: Եվ Դուք հարցրեցիք՝ հայկական կողմի համար կա՞ «կարմիր գիծ», որը մենք չենք անցնի: Եվ ես ասացի՝ այո, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Россия сегодня – Սահմանագծի մասին խոսեցինք: Իսկ կոնկրե՞տ փոխզիջման մասին: Չէիք ցանկանա որևէ օրինակ նշել, ճի՞շտ հասկացա:

Նիկոլ Փաշինյան –Գիտեք, այժմ մոսկովյան հայտարարության մեջ համաձայնեցվել են կոնկրետ քայլերը, թե ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը: Եվ այդ կոնկրետ համաձայնագրով նկարագրված են կոնկրետ քայլերը, և մենք պատրաստ ենք գնալ այդպիսի քայլերի, որպեսզի լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք պատրաստ ենք այդպիսի փոխզիջումների, մենք պատրաստ ենք համամասնական փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը:

XS
SM
MD
LG