Մատչելիության հղումներ

Ողջ գիշեր հրթիռակոծվել է Ստեփանակերտը, կան վիրավորներ


Ողջ գիշեր Սետփանակերտը հրթիռակոծության թիրախում է եղել: Հրետակոծությունը սկսվել է դեռ երեկ երեկոյան և ուժգնացել գիշերը՝ ժամը 4-ի մոտակայքում:

Գիշերային հրթիռակոծության հետևանքով վիրավորում են ստացել մարդասիրական նպատակներով Հայաստանից Արցախ մեկնած երկու երիտասարդներ: Նրանցից մեկն ունի բեկորային վնասվածք, մյուսի վիճակն ավելի թեթև է:

«Հրադադարն ուղղակի թղթի վրա է, որը հենց առաջին րոպեից, հրադադարը ստորագրելուց հետո, պայմանավորվելուց հետո, ադրբեջանական կողմը խախտել է և ոչ մի հրադադար իր կողմից չի ցուցաբերել, այնպես որ, ինձ թվում է, սա կկրի շարունակական բնույթ, մինչև այս հարցի լուծումը տան: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ մեր տղաները, մեր հայկական բանակը մինչ վերջ կկանգնի», - ասաց Ստեփանակերտի բնակիչներից մեկը:

Այսօր առավոտյան կենտրոնական փողոցների քաղաքացիական բնակելի շենքերի մոտ նկատելի էին պայթյունի հետքերը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Ստեփանակերտի հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ:

Այս գիշեր հրթիռակոծվել է նաև Շուշին:

Երեկ նաև հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Շոշ գյուղը, այնտեղ էլ երեք քաղաքացիական խաղաղ բնակիչ է վիրավորվել:

XS
SM
MD
LG