«Ճանաչել Արցախի անկախությունը», «Արցախը Հայաստան է», «Դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ֆինանսավորումն ու զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից», այսպիսի պահանջներով Ամերկայի տարբեր անկյուններից Վաշինգտոն հասած հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Սպիտակ տան մոտ։
Ամերիկայի տարբեր քաղաքներում արդեն մի քանի օր է, ինչ այսպիսի բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի։ Օրերս բազմահազարանոց ցույց էր տեղի ունեցալ նաև հայաշատ Լոս Անջելեսում, տեղի հայերը մի քանի ժամով փակ էին պահել Հոլիվուդի բանուկ փողոցներից մեկը, հասել CNN հեռուստաընկերության առջև ու օբյեկտիվ լուսաբանում պահանջել։ Վաշինգտոնում հայերն ամերիկյան կառավարությանն ուղղված պահանջներից բացի, դիմեցին նաև միջազգային մամուլին՝ հետևողականորեն և օբյեկտիվ լուսաբանել Ադրբեջանի կողմից Արցախին հայտարարված պատերազմը։ Կազմակերպիչներից Քրիստինե Հալաջյանը հայտարարեց՝ հարկ եղած դեպքում հերթով անցնելու են ամերիկյան բոլոր խոշոր լրատվամիջոցների շենքերով և ոչ միայն. - «Եթե նույնիսկ ստիպված լինենք էս փողոցը բացել, խնդիր չկա, մենք այստեղ այնքան կմնանք, այնքան բան կփակենք ու կբացենք, մինչև իրենք ստիպված video coverage մեզ կտան, որ մեր ձայնը հասնի Սպիտակ տուն»:
Լոս Անջելեսի հայերից շատերը Վաշինգտոն էին հասել ավտոերթով` ճանապարհին մի քանի բանուկ հատվածներում կանգնեցնելով ավտոշարայսունն ու վանկարկելով՝ «Արցախը մերն է, հաղթելու ենք»։
Սփռյուքահայերի բողոքի ակցիաները շարունակվում են աշխարհի տարբեր երկրներում։ Ֆրանսիայում նույնպես բանուկ փողոցներ են փակվել, Լիոնում գտնվող «Եվրոնյուզ» հեռուստաընկերության առջև հավաքված հայերը լրատվամիջոցից պահանջել են անաչառ լուսաբանում և հայկական կողմի մասին խոսելիս չօգտագործել անջատողական տերմինը: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ֆրանսիային եղբայրական աջակցության համար։ Լիոնի մյուս հատվածներում և Փարիզում հավաքված մի խումբ հայեր էլ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմը դատապարտող ու հայկական կողմին ոգևորող կոչեր են հնչեցրել. - «Մենք չպետք է ընկնենք հնձանն ինչպես անցյալում, այս անգամ մենք ուժեղ ենք, խելացի ենք։ Ուզում եմ ասել, որ այս կոչերն այսօր նաև Փարիզում են հնչում, մեր եղբայրները մեզ հետ են նաև Փարիզում»։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի հայերն ի զորակցություն Արցախի ու Հայաստանի, երթ էին կազմակերպել:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ նախագահի նստավայրի առջև հավաքված տեղի հայերը նույնպես պահանջել են գերտերություններից դատապարտել Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետակոծող ու հրթիռակոծող Ադրբեջանին` չանտեսելով նաև Թուրքիային։ Այստեղ նույնպես դժգոհել են տեղական լրատվամիջոցների լուսաբանումից. - «Պահանջել ենք երկրի կառավարությունից և պրեզիդենտից ճանաչել Արցախի անկախություն, քննադատել Թուրքիայի ագրեսիան, քննադատել Ադրբեջանին, կանգնեցնել պատերազմական գործողությունները: Սլովակական մամուլը շատ պասիվ է այդ հարցում, չնայած արդեն վերջին օրվա ընթացքում նկատվում է շատ թեթև ակտիվություն: Հիմնականում Սլովակիան տեղյակ չէ կոնֆլիկտից»: