Մատչելիության հղումներ

Հրադադարի չպահպանման դեպքում Հարությունյանը կդիմի ՀՀ-ին ու այլ երկրների` ճանաչելու Արցախի անկախությունը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 11 հոկտեմբերի, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 11 հոկտեմբերի, 2020թ.

Հրադադարի պայմաններում այսօր Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, փոխանցում է Պաշտպանության բանակը: Նշվում է, որ հայկական կողմը կասեցրել է հարձակման փորձը` խոցելով երկու զրահատեխնիկա և պատճառելով մարդկային մեծաթիվ կորուստներ:

Լեռնային Ղարաբաղի նախագահը վստահեցնում է՝ կդիմի Հայաստանին, ապա նաև այլ երկրներին Արցախի անկախությունը ճանաչելու հարցով, եթե առաջիկա երկու օրերին Ադրբեջանը չպահպանի հրադադարի վերաբերյալ նախօրեին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նաև կրկնեց՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Ոտնահարվում են համամարդկային արժեքներն Արցախում, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, և այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից համաձայնել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Իսկ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին: Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, կամ ընդհանուր առմամբ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին», - ասաց Հարությունյանը:

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հրավերով Մոսկվայում հանդիպել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին` ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել՝ զոհերի մարմինների դուրսբերման ու ռազմագերիների փոխանակման համար։ Այդուհանդերձ, հրադադարից րոպեներ առաջ հայկական կողմը հաստատեց, որ Ադրբեջանն այն չի պահպանում և Արցախի Հադրութ քաղաք ներթափանցման փորձ է իրականացրել։ Այսօր Արցախի նախագահը նշեց, որ դիվերսիոն խմբի նպատակը Հադրութը գրավելն է եղել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել։

«Նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը հրադադարը սկելու այդ ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը: Հաջողվել է նրանց այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում», - նշեց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է ծանր ռազմատեխնիկա՝ Սմերչ, Պոլոնեզ, անօդաչու հարվածային սարքեր։ Արցախի նախագահն անդրադարձավ նաև Իսրայելին, ասաց՝ ցեղասպանություն տեսած այդ երկրի ղեկավարները շատ լավ գիտեն, որ իրենցից գնած զենքերով Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչությանն է ոչնչացնում. - «Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որ ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում, և տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլ տեղյակ են բոլոր իշխանությունները և շարունակում են մատակարարել Ադրբեջանին»:

Օրվա երկրորդ կեսին Արցախի նախագահը, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ, շնորհակալություն հայտնել բժիշկներին և ասել. - «Պատերազմական այս օրերին ձեր կատարած աշխատանքը հերոսություն է:

Պարոն Պապիկյանի հետ որոշել ենք գալ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել, և այս շնորհակալությունը միայն ձեզ չի վերաբերում, մեր Հայաստանի առողջապահական համակարգի աշխատողներին, ձեր կոլեգաներին, որոնք այս ընթացքում իրականում հերոսական ծառայություն են մատուցել»:

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողների անուններ, այսպիսով հայկական կողմն ունի 429 զոհ։ Ադրբեջանն իր կորցրած զինվորների թիվն արդեն ավելի քան երկու շաբաթ է` չի հրապարակում։

Մարդասիրական հրադադարի պայմանավորվածության համաձայն` գերիների փոխանակումը և զոհերի աճյունների դուրսբերումը պետք է իրականացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանն» ասաց՝ թեև իրենք երեկ հանդիպել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ու քննարկել այս հարցերը, այդուհանդերձ Կարմիր խաչը չի կարող որևէ քայլ անել, քանի դեռ կրակը չի դադարեցվել, և գործողությունների օր ֆիքսված չէ. - «Գործողությունը չի սկսվել, քանի որ ամսաթիվը որոշում են կողմերը, իսկ ինչ վերաբերում է մեր անկախ մարդասիրական միջնորդի դերին, մեր ներգրավվածությունը այդ գործողության մեջ դեռ պետք է որոշարկվի, եթե հայտարարված հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի, գործողությունը չի սկսվի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նշելով, որ այս օրերին աշխարհի հայությունն իր համախմբվածությունն է ցույց տալիս, վարչապետն ընդգծել է՝ եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարաններն, ապա դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:

Իսկ ահա ավելի վաղ պլանավորված այցով վաղը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մոսկվա, լուրը ռուսական մամուլին հաստատել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Մինչև այդ Թվիթերի իր միկրոբլոգում Մնացականյանը քննադատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը ու այն որակել որպես «զզվելի ագրեսիա»։ Իր հերթին Ադրբեջանը պնդում է, որ հայկական կողմն է խախտում հրադադարի պայմանավորվածությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG