Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովն ասել է, թե կրակը Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է:
«Դա տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ, ինչպես դուք՝ մենք էլ ենք տեղեկատվությունը զինվորականներից ստանում», - ասել է Ախունդովը ռուսաստանցի և օտարերկրացի լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
ՏԱՍՍ լրատվական գործալալությունը նրա այդ հայտարարությունը հրապարակել է Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին, հետևաբար, եթե Ախունդովի խոսքերը համապատասխանում են իրականությանը՝ հրադադարը հաստատվել է մոտավորապես երեկոյան ժամը 6-ին:
Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: