Մատչելիության հղումներ

Սա մի նոր Սարդարապատ է. վարչապետ Փաշինյանի ուղերձը ժողովրդին


Հայ ժողովուրդն Արցախում և Հայաստանում արդեն մեկ շաբաթ դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը, հարձակման մասշտաբներն աննախադեպ են, իր ուղերձում քիչ առաջ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում, - նկատեց վարչապետը` հավելելով, - այսօր, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ»: Նա դրանում համոզվել է նաև երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների և ենթասպաների հետ:

«Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հազարավոր հետևակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-ից 200 թշնամական զինվոր, ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ:

Մեր տեղեկություններով` թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում և ղեկավարում են ռազմական գործողությունները», - ասաց նա:

Ըստ վարչապետ Փաշինյանի` հաղթանակն է միայն այն ավարտը, որը պատկերացնում են այս պայքարի վերջում: «Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում:

Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք, այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:

Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի և այդ նպատակի անունն է հաղթանակ», - հավելեց նա:

XS
SM
MD
LG