Կառավարությունն այլևս ընդունում է, որ Հայաստանը տարին կամփոփի տնտեսական անկմամբ՝ մինուս 2 տոկոս, ու հետևանքները չեզոքացնելու նպատակով պատրաստվում է ներգրավել ավելի քան կես միլիարդ դոլար լրացուցիչ պարտք։
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի 2020 թվականի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը, որը դեռ պետք է հաստատի Ազգային ժողովը։
Դեռևս գործող պետբյուջեի համաձայն՝ տարին Հայաստանը պետք է ամփոփեր 4,9 տոկոս տնտեսական աճով։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս տարվա պետբյուջեն ծրագրելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել, թե ինչ տեղի կունենա հետագայում, և աշխարհում չկա որևէ պետություն, որի տնտեսությունը չի ենթարկվել համավարակի բացասական ազդեցությանը։
Նախարարը ներկայացրեց երեք հիմնական պատճառ, որոնց բացասական ազդեցությունը էական է Հայաստանի տնտեսության համար. հանքահումքային ոլորտում աշխարհում նկատվում է պահանջարկի՝ հետևաբար գների անկում, զբոսաշրջության ոլորտը, փաստորեն, դադարել է գործել ու այս տարվա կանխատեսումներն էլ լավատեսական չեն, և վերջապես՝ մասնավոր տրանսֆերտների ոլորտը, ուր նույնպես անկում է սպասվում նախատեսվածի համեմատ։
«Մենք տվել ենք արդեն ամբողջական գնահատականը, ամբողջն իրար հետ՝ ներքին սահմանափակումները և արտաքին սահմանափակումները հաշվի առնելով կանխատեսվում է, որ մեր համախառն ներքին արդյունքը կունենա բացասական մեծություն 2 տոկոս չափով: Սա տարբերվում է ծրագրված և բյուջետավորված տնտեսական զարգացումների կանխատեսումների հիմքում ընկած տնտեսական աճի ցուցանիշից, այն 4,9 տոկոս էր, ուղղակի հիշեցնելու համար ասեմ, հետևաբար դրա արձագանքման քաղաքականություն պիտի իրականացվի: Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, կարծում եմ, որ մենք ունենք մինչ այժմ կուտակած պոտենցիալ, որը կարող է հենց այսպիսի իրավիճակի համար օգտագործվել», - ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը հիշեցրեց՝ նշված բացասական զարգացումներին հակազդելու նպատակով կառավարությունն արդեն իսկ հայտարարել է մոտ 150 միլիարդ դրամ ծախսելու մասին։ Սակայն այդ գումարը հայթայթելու համար անհրաժեշտ է լրացուցիչ պարտք վերցնել, որովհետև տնտեսության անկումը չի կարող չհանգեցնել հարկային եկամուտների կրճատմանը։ Նախատեսվում է, որ ծրագրվածից շուրջ 170 միլիարդ դրամ պակաս հարկ ու տուրք է հավաքվելու այս տարի։
«Գնահատականը մոտավորապես 260 միլիարդ դրամ է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման, որը անհրաժեշտ կլինի, որպեսզի ապահովվի քիչ առաջ ներկայացված սցենարի իրականացումը: Սա նշանակում է, որ նաև հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի սպասվող մեծությունը, մեր պետական պարտք/համախառն ներքին արդյունք ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ 2019 թվականի արդյունքներով մենք ունեինք կառավարության պարտք/համախառն ներքին արդյունք հարաբերակցության 50 տոկոս մակարդակ», - նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ Ֆինանսների նախարարության, այս տարվա մարտի վերջին Հայաստանի պետական պարտքը, որն իր մեջ ներառում է կառավարության ու Կենտրոնական բանկի արտաքին ու ներքին պարտքերը, կազմում է 7 միլիարդ 289 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա վերջի համեմատ պակաս է ավելի քան 34 միլիոն դոլարով։
Հիշեցնենք՝ նախորդ անգամ Հայաստանում տնտեսական անկում գրանցվել էր 2009 թվականին՝ 14,1 տոկոս, և այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի առաջին հորիզոնականներում էր։ Թե որքա՞ն նման կլինի այս ճգնաժամը նախորդին, դիմեցինք տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին։ Արձագանքեց՝ ի տարբերություն 2009-ի, այսօր որոշել են տնտեսությունները կանգնեցնել կառավարությունները՝ մտահոգվելով մարդկանց առողջությամբ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, համեմատելի չի, որովհետև նախ 2009-ի տնտեսական <...>, մինչ այդ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունները իրականությունից հեռու էին, իրական պատկերը չէին ներկայացնում մեզ և երկրորդը՝ ամբողջ տնտեսական աճը հիմնված էր շինարարության վրա և հենց 14 տոկոս տնտեսական անկումը պայմանավորված էր շինարարության մեջ ներդրումների զրոյացումով և ամբողջ համակարգը քանդվեց: Երրորդ հանգամանքը՝ հաշվի առեք այն, ինչ որ տեղի է ունեցել 2018 թվականից հետո, այ հիմա մենք դրական առումով քաղում ենք դրա օգուտները: Այսինքն՝ այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, երբ որ մենք իրական պատկերը նաև ունենք տնտեսության, և տնտեսության կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան, գործարարության ակտիվությունը մեծացավ, մրցունակությունը տնտեսության մեծացավ, դիվերսիֆիկացումը մեծացավ, այս գործոնները դրական կազդեն այսօր տնտեսական այս ժգնաժամից դուրս գալու համար», - ասաց Խաչատրյանը: