Մատչելիության հղումներ

Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը


Բուլղարիայում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և նրա կառավարության դեմ, չնայած նա օրեր առաջ խոստացել է հրաժարական տալ։

Այսօր ցուցարարները Սոֆիայի կենտրոնում վերականգնել են երթևեկության արգելապատնեշները, որոնք ոստիկանությունը հեռացրել էր։ Երեկ երեկոյան ավելի քան հինգ հազար ցուցարար Սոֆիայում երթ է անցկացրել։

Անցած չորեքշաբթի վարչապետը հրաժարական տալու պատրաստակամություն էր հայտնել, բայց գտնելով, թե իշխող քաղաքական ուժի կառավարությունը պետք է մնա մինչև հաջորդ տարվա հերթական ընտրությունները։ Վարչապետի հայտարարության հաջորդ օրը իշխանական կոալիցիան որոշել էր, որ նա պետք է մնա պաշտոնին։

Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի սկզբից։ Ցուցարարները պնդում են, որ արդեն երեք ժամկետով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Բոյկո Բորիսովը թուլացնում է պետական ինստիտուտները, պաշտպանում մեծահարուստների և օլիգարխների շահերը։ Անցած ամսին կառավարությունում փոխատեղումներ կատարվեցին, բայց այդ քայլերը ցուցարարներին չեն գոհացրել։

Եվրամիությանը անդամակցելուց 10 տարի անց, Բուլղարիան Եվրամիության ամենաաղքատ անդամն է։ Հակակոռուպցիոն Transparency International միջազգային կազմակերպությունը համարում է, որ Բուլղարիան նաև ԵՄ անդամներից ամենակոռումպացված երկիրն է, որտեղ դեռ պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան պաշտոնյաները կաշառակերության և կոռուպցիայի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG