Մատչելիության հղումներ

Ակտիվիստները «մանիպուլյատիվ» են համարում Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում կատարված փոփոխությունները


Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն մանիպուլատիվ է համարում փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հրապարակած Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում փոփոխությունները ներկայացնող անիմացիոն հոլովակը։

Կառավարության ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջում երեկ երեկոյան է հրապարակել, իր խոսքով, դրական այն փոփոխությունները, որ կատարվել են կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում։

Ըստ Սիսեռյանի, այդ փոփոխություններով Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, վերարժեվորվելու են շենքերի բակային ճակատները, հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Նորակառույց շենքերը լինելու են հետիոտնային ճանապարհից հետո։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանն ասում է, որ այդ անիմացիոն հոլովակը մանիպուլյատիվ է, քանի որ այն իբրև թե ցուցադրում է Ֆիրդուսի թաղամասի վերակառուցումը, սակայն իրականում հոլովակում ներկայացված տարածքի մի մասն ընդհանրապես իրացման գոտու սահմաններից դուրս է, իսկ Նարեկ Սարգսյանի հեղինակած հայեցակարգը` բարձրահարկ շենքերով և կլոր հրապարակով, միևնույն է մնում է անփոփոխ։

«Մենք որակում ենք որպես ուղղակի մանիպուլյատիվ, որովհետև ներկայացվում է այդտեղ Հանրապետութան փողոցը, Հանրապետության փողոցի նրբանցքը, և հենց առաջին կադրում երևում է, որ Նարեկ Սարգսյանի այդ հնացած հայեցակարգը տեղում է: 2018 թվականի մարտի Կառավարության որոշմամբ, այդ հատվածը ընդհանրապես իրացման գոտում չի գտնվում, Հանրապետության փողոցի վրա գտնվող շենքերը իրացման գոտում էլ չեն, պատմամշակութային հուշարձաններ են, ցուցակում են: Դա ուղիղ հանրային կարծիքի մանիպուլյացիա է, ցույց տալ, որ այդտեղ լինելու է ինչ-որ հետիոտնային հատված, ինչ-որ պատշգամբներ: Բայց խոսքը չի գնում ընդհանրապես այդ հատվածի մասին, խոսքը գնում է հենց Ֆիրդուսի թաղամասի մասին, որը որ անփոփոխ է մնում», - ասաց Իզաբելլա Սարգսյանը:

Թեև Կառավարությունից պնդում են, որ Նարեկ Սարգսյանը նախագծի հեղինակը չէ, նա միայն հայեցակարգի հեղինակն է, սակայն Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նկատում է, որ նոր ներկայացված հոլովակում երևացող շենքերը Նարեկ Սարգսյանի ավելի վաղ, օրինակ Հյուսիսային պողոտայում արված նախագծերից են:

Բայցի այդ, ըստ ակտիվիստների, Կառավարությունը չի արձագանքում նաև իրենց բարձրացրած իրավական հարցերին, մասնավորապես թե որքանով է օրինական այդ տարածքում կառուցապատումը, չի ներկայացնում քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, բուն նախագիծը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն ու համապատասխան թույլտվությունների զգալի մասը։

Իզաբելլա Սարգսյան․ - «Եթե առաջ մենք պահանջում էինք, որ հրապարակվի, հիմա ուղղակի ուզում ենք ֆիքսել, որ փաստորեն այդ փաստաթղթերը ուղղակիորեն գոյություն չունեն: Այլապես պիտի որ արդեն հրապարակված լինեին: Օրինականության հարցը բաց է մնում, փոխկապակցվածության հարցերը բաց են մնում»:

Ակտիվիստները կոչ են անում հրապարակել Ֆիրդուսի կառուցապատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, դադարեցնել գործընթացը և չներկայացնել նման մանիպուլյատիվ առաջարկներ. – «Մենք պահանջում են դադարեցնել պրոցեսը, քանի որ այն ակնհայտորեն ապօրինի է: Մենք գիտենք, որ նաև կա Վարչական դատարանում ընթացիկ գործ` Բնակիչներն ընդդեմ Կառավարության... Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից կատարել իր առաջնային մանդատով սահմանված պարտավորությունները, չթողնել այս ամբողջ պրոցեսը Կառավարությանը, այլ պաշտպանել Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգությունը և Երևանի բնակիչների շահերը այս պրոցեսի մեջ: Ինչպես նաև ուղիղ կոչ ենք անում իրավապահ մարմիններին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ևս նայել, տեսնել, թե ինչ շահերի բախումներ կան...»:

Կառավարությունից այսօր չարձագանքեցին Երևանի ժառանգության կոմիտեի հայտարարության մեջ հնչող քննադատությանն ու պահանջներին՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։

XS
SM
MD
LG