Գերմանիայի դատախազությունն այսօր պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի մի քաղաքացու՝ 2019 թվականի օգոստոսին Բեռլինում ազգությամբ չեչեն Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունն իրագործելու համար։
Գերմանիայի դատախազության պնդմամբ՝ հանցագործությունից անմիջապես հետո ձերբակալված Ռուսաստանի քաղաքացին, որի ամբողջական անունն իրավապահները չեն բացահայտում, Խանգոշվիլիի սպանության պատվերը «ստացել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական կառավարության պետական գործակալությունների կողմից»։
«Մեղադրյալը կամ դրամական փոխհատուցում է ակնկալել, կամ էլ կիսել է սպանության պատվիրատուների քաղաքական մոտեցումները՝ վրեժխնդիր լինել Ռուսաստանի դեմ հակամարտություններում [Խանգոշվիլիի] մասնակցության համար», - նշված է Գերմանիայի դատախազության հայտարարության մեջ։