Գերմանիայի քննչական մարմինները Ռուսաստանին կասկածում են Չեչնիայի պատերազմի վետերանի սպանության մեջ: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական մարմիններում իրենց աղբյուրները:
Գերմանիայի առաջատար ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սպանության գործի քննությունը կփոխանցվի Դաշնային դատախազությանը, ինչը նշանակում է, որ Բեռլինը հանցագործությանը առնչություն ունենալու մեջ պաշտոնապես ռուսաստանյան իշխանություններին է կասկածում: Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին, ով չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ ղեկավարում էր ռուսական զորքի դեմ մարտնչող անջատական խմբավորումներից մեկը, սպանվել է այս տարվա օգոստոսի 23-ին Բեռլինում:
Սպանությունն իրականացրած անձը անմիջապես ձերբակալվել է, սակայն նրա ինքնությունը դեռևս չի պարզվել: Bellingcat հետաքննող անկախ խումբը կարծում է, որ ձերբակալվածը ռուսաստանցի Վադիմ Կրասիկովն է, ում նկատմամբ ավելի վաղ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել սպանության գործով:
Ծնունդով Վրաստանից Խանգոշվիլին, չեչենական պատերազմից հետո տեղափոխվել է հայրենիք, որտեղ համագործակցել է հատուկ ծառայությունների հետ: Թբիլիսիում նրա նկատմամբ մահափորձից հետո տեղափոխվել է Գերմանիա, որտեղ, սակայն, ապաստան չի ստացել: Գերմանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Խանգոշվիլիի սպանության մեջ կասկածվող ռուսաստանցին Գերմանիա է մտել կեղծ փաստաթղթերով: