Մատչելիության հղումներ

Նորանոր հետազոտություններ են հաստատում դիմակների վճռորոշ դերը կորոնավիրուսի դեմ պայքարում


Նոր համաճարակի բռնկումից կես տարի անց, ուսումնասիրելով տասնյակ երկրների, այդ թվում` վարակից ամենաշատը տուժած Իտալիայի, Իսպանիայի ու Միացյալ Նահանգների փորձը, գիտնականները պարզել են` դիմակները այս վիրուսի դեմ պայքարում վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել դրա տարածումը:

Մինչ այս համավարակը մասնագետների մեծ մասը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համոզված էին` դիմակները անհրաժեշտ են, որպեսզի վարակված մարդիկ չփոխանցեն վիրուսը հազի կամ փռշտոցի միջոցով: Ամերիկյան չորս հեղինակավոր համալսարանների` Texas A&M University-ի, University of Texas-ի, California Institute of Technology-ի և University of California San Diego-ի գիտնականները, մինչդեռ, ամիսներ շարունակված հետազոտություններից հետո եզրակացրել են` դիմակները խիստ անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց. - «Դրանք հնարավորություն են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ, ինչպես նաև տեղաշարժվել մինչև մի քանի մետր», - գրել են գիտնականները Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակած հոդվածում:

Հեղինակները փորձել են գտնել` Նյու Յորքում մտցված հակահամաճարակային քայլերից որն է ամենամեծ ազդեցությունը թողել: Պարզվել է, որ խիստ կարանտինն ու սոցիալական հեռավորությունը առանձնապես չեն փոխել համաճարակի ընթացքը, մինչդեռ դիմակները պարտադիր դարձնելուց հետո քաղաքում վարակի տարածման կորը սկսել է դեպի վար թեքվել:

Նույն ամսագրում անցած ամիս հրապարակված մեկ այլ ուսումնասիրություն արձանագրել էր` նույնիսկ սենյակում բարձր խոսելիս բերանից դուրս եկած միկրոկաթիլները մնում են օդում 8-14 րոպե: Գիտնականները հաշվել ու պարզել են`դիմակ կրելու արդյունքում հնարավոր է եղել Նյու Յորքում վարակակիրների թիվը մեկ ամսում նվազեցնել 66 հազարով, Իտալիայում` 78 հազարով: «Մեր համոզմամբ, սա համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ և ոչ ծախսատար միջոցներից է», - եզրակացրել են հետազոտության հեղինակները:

Նույնն է պնդում նաև բժշկական ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկում` Lancet-ում հրապարակված հետազոտությունը, որն, ի դեպ, իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվերով:

Ի մի բերելով վեց մայրցամաքների, մոտ երկու տասնյակ երկրների 172 տարբեր հետազոտություններ, գիտնականները պարզել են` առանց դիմակների կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը 17.4 տոկոս տոկոս է, N95 ռեսպիրատորով կամ բժշկական դիմակով, մինչդեռ, վտանգը նվազում է ավելի քան հինգ անգամ՝ հասնելով 3.1 տոկոսի: Ըստ հեղինակների, տարածման դեմ պայքարի երկրորդ արդյունավետ միջոցը սոցիալական հեռավորությունն է՝ ընդամենը մեկ մետրը, ըստ գիտնականների, հնարավորություն է տալիս վարակի փոխանցման վտանգը 12.8 տոկոսից հասցնել 2.6 տոկոսի: Երրորդ մեթոդն էլ աչքերի պաշտպանությունն է. թեև պաշտոնական ուղեցույցներում այս մասին դեռ որևէ բան չի նշվում, սակայն, այս հետազոության հեղինակները պնդում են` ակնոցը կամ դեմքը ծածկող թափանցիկ պատյանը նվազեցնում են վարակի տարածումը` 16 տոկոսից հասցնելով 5.5 տոկոսի:

Այս թվերը հիմնավորվում են մեկ այլ հետազոտությամբ, որն իրականացրել է Ամերիկայի ռազմածովային ուժերի Համաճարակների դեմ պայքարի կենտրոնը: Ուսումնասիրելով Theodore Roosevelt ռազմանավի վրա տեղի ունեցած բռնկումը, մասնագետները պարզել են` դիմակ չկրած զինվորների 80 տոկոսը վարակվել է, մինչդեռ դիմակ կրողների շրջանում այդ ցուցանիշը եղել է 55.8 տոկոս: Գրեթե նույն պատկերն է արձանագրվել նաև սոցիալական հեռավորություն պահելու կամ չպահելու դեպքում: Ընդ որում, փակ տարածքում թեստավորումը ցույց է տվել` վարակակիրների մոտ 10 տոկոսը կամ 5-ից մեկը որևէ ախտանշան չի ունեցել, բայց վարակել է մյուսներին:

Բրիտանական Քեմբրիջի և Գրինվիչի համալասարանների գիտնականներն էլ, համադրելով մի շարք ցուցանիշներ, եզրակացրել են` նոր կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր մարդ, որպես կանոն, վարակում է ևս 2-3ին, մինչդեռ դիմակներ կրելու դեպքում այդ ցուցանիշը մեկից ցածր է, ինչը էականորեն նվազեցում է տարածման տեմպը:

Հաշվի առնելով նոր երևան եկած այս փաստերը` ԱՀԿ-ն այժմ կոչ է անում կառավարություններին պարտադիր դարձնել դիմակները հասարակական վայրերում: Այսօրվանից այդ կոչին է հետևում նաև Մեծ Բրիտանիան, որ մինչ օրս ամենապահպանողական մոտեցումն ուներ համաճարակի դեմ պայքարում և խուսափում էր նորամուծություններից: Իսպանիան, որ համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է, է՛լ ավելի հեռուն է գնացել. ամիսներ շարունակված տանջալից պայքարից հետո կառավարությունը որոշել է` դիմակները կմնան պարտադիր, քանի դեռ վիրուսի դեմ պատվաստանյութը չի գտնվել:

XS
SM
MD
LG