Մատչելիության հղումներ

Հակամարմինների հետազոտումը կարող է խիստ օգտակար լինել համաճարակի դեմ պայքարում


Աշխարհում կորոնավիրուսի տարածումից ավելի քան կես տարի է անցել, վարակվածների թիվն արդեն գերազանցել է հինգ միլիոնը, սակայն վիրուսի մասին բազմաթիվ հարցեր դեռ մնում են անպատասխան` հնարավո՞ր է վարակվել երկրորդ անգամ, քանի՞սն են վիրուսը տարել առանց ախտանիշանների և ինչ ազդեցություն է այն թողնում մարդու օրգանիզմի վրա:

Աշխարհի տասնյակ երկրներում հիմա գիտնականները փորձում են պատասխանել այս հարցերին` հակամարմինների միջոցով:

Դրանք արյան մեջ ի հայտ են գալիս, երբ որևէ օտարածին մարմին կամ հիվանդության հարուցիչ ներթափանցում է մարդու օրգանիզմ։ Իմունային համակարգը հատուկ սպիտակուցներ է ստեղծում` նորահայտ թշնամուն ճանաչելու և չեզոքացնելու համար: Այդ հակամարմիններն էլ հետագայում բժիշկներին հնարավորություն են տալիս պարզելու, թե արդյոք մարդը այս կամ այն վիրուսով վարակվել է, թե ոչ: Ուստի թեստն անցկացվում է ոչ թե սովորականի նման` քթից կամ բերանի խոռոչից նմուշ վերցնելու, այլ արյան անալիզի միջոցով:

Չեխիայում հակամարմինների զանգվածային թեստավորմանն անցած ամիս մասնակցել է շուրջ 27 հազար մարդ։

«Որպեսզի պարզենք, թե իրականում որքան է տարածված վարակը, և բացահայտենք չերևացող դեպքերը, որոշեցինք հետազոտությունն անել պատահականության սկզբունքով», - բացատրում է Չեխիայի գլխավոր համաճարակաբան Յարմիլա Ռազովան՝ հավելելով. - «Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարակը տարածված է ողջ երկրով մեկ, սակայն հավասարաչափ չի բաշխված, սկսում է կենտրոնանալ տարբեր շրջաններում»:

Գիտնականները նշում են, որ վարակի օջախները պարզելով, կառավարությունները կարող են ավելի արդյունավետ որոշումներ կայացնել, և սահմանափակումներ մտցնել հենց այդ տարածքում: Սա հետազոտության կարևոր արդյունքներից է, բայց ոչ միակը:

Գերմանիայում մասնագետները փորձում են մեկ այլ բան պարզել` թե որքան երկար են մնում հակամարմինները օրգանիզմում։ Նրանք նույն թեստն անցկացնում նույն՝ պատահականության սկզբունքով, բայց մեկ կարևոր տարբերությամբ:

«Կամավորներն այստեղ արյուն են հանձնում յուրաքանչյուր ամիսը մեկ», - ասում է ծրագրի ղեկավար Վերենա Տհիելը: - «Այս ուսումնասիրության նպատակն է հետևել վարակի տարածմանը Մյունխենում մեկ տարվա կտրվածքով, որպեսզի ավելի ճշգրիտ պատկերացում ունենանք այս կորոնավիրուսի ու դրա տարածվածության մասին, ինչպես նաև եզրակացնենք, թե որքան երկար է այն ապրում հասարակության մեջ»:

Տարածված կարծիք կա, որ եթե հակամարմինները պահպանվեն, մեկ անգամ հիվանդանալուց և ապաքինվելուց հետո արդեն մարդիկ կարող են անարգել վերադառնալ նախկին կյանքին` վստահ լինելով, որ ունեն իմունային պաշտպանություն: Նոր կորոնավիրոսի հարցում, սակայն, պատկերը դեռ հստակ չէ։

«Առայժմ շատ քիչ տեղեկություններ ունենք ճշգրիտ պատասխաններ տալու համար», - ասում է չեխ համաճարակաբան Յարմիլա Ռազովան: - «Որոշ վարակների դեպքում հակամարմինները պահպանվում են կյանքի գրեթե ողջ ընթացքում, մյուսների դեպքում, ինչպես, օրինակ, գրիպի, մենք պետք է ամեն տարի պատվաստվենք, քանի որ վիրուսը անընդհատ ինչ֊որ փոփոխությունների է ենթրակվում: Շատ հնարավոր է, որ covid-19-ը ևս նման հատկանիշներ ունենա»:

Հակամարմինների զանգվածային թեստավորման են պատրաստվում նաև Ամերիկայում: Ակնկալվում է, որ այս հետազոտությանը կմասնակցի շուրջ 325 հազար մարդ, իսկ ուսումնասիրությունները կշարունակվեն մոտ մեկուկես տարի:

Գիտնականները միաժամանակ փաստում են, որ անգամ նման ընդարձակ ու տևական ուսումնասիրության արդյունքում չեն կարող երաշխավորել, որ բոլոր դեպքերն ի հայտ կգան, քանի որ առայսօր մի շարք փաստեր են արձանագրվել, երբ կորոնավիորւսի թեթև ախտանիշներ ունեցողների մոտ հակամարմիններ այդպես էլ չեն հայտնաբերվել:

«Իրականում թերևս կարևորը ոչ թե այն է` վարակվել եք դուք, թե ոչ, այլ այն, թե որքան է եղել վիրուսի չափաբաժինը ձեր օրգանիզմում։ Շատ բան կախված է նաև յուրաքանչյուրի առանձնահատուկ իմունային համակարգից ու դրա ցույց տված հակազդեցությունից: Այսինքն՝ յուրաքանյչյուր մարդու դեպքում պատկերը կարող է տարբեր լինել, արդյունքում մեկի մոտ կարող են լինել հակամարմիններ, մյուսի մոտ` ոչ», - ասում է Նյու Յորքի համալսարանի դոկտոր Դաբելլե Օմպադը:

Գիտնականների մի քանի խմբեր էլ ուսումնասիրում են կորոնավիրուսի դեմ հակամարմինները` դրանց հիման վրա դեղամիջոց կամ պատվաստանյութ ստեղծելու համար: Այս մեթոդը բավական խոստումնալից արդյունք է տվել մեկ այլ մահաբեր վիրուսի` Էբոլայի բռնկման ժամանակ:

Ու թեև դեռ չկան մի շարք հարցերի պատասխաններ, սակայն հստակ է, որ հիմա, երբ աշխարհով մեկ կառավարությունները փորձում են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի, հակամարմինների թեստավորումը դառնալու է ամենակարևոր գործիքներից մեկը համաճարակի տարածման շրջանակը պարզելու և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները որոշելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG