Մատչելիության հղումներ

COVID-19. վիրուսի մասին շատ բան դեռ հայտնի չէ


Բժիշկները ջերմաչափում են վարորդներին, Ալմաթի, 14-ը մարտի, 2020թ.
Բժիշկները ջերմաչափում են վարորդներին, Ալմաթի, 14-ը մարտի, 2020թ.

Տղամարդիկ կորոնավիրուսից ավելի հաճախ են մահանում

Անտեսանելի կորոնավիրուսն արդեն կես տարի է հետապնդում մարդկությանը. 2019-ի առնվազն դեկտեմբերից սկսած աշխարհում գրանցվել է COVID-19 հիվանդության մոտ 4,5 միլիոն դեպք, մահացել է շուրջ 300 հազար մարդ: 1 միլիոն 700 հազար հիվանդ ապաքինվել է:

Գերագույն լարվածությամբ են աշխատում հիվանդանոցները, պատվաստանյութ և դեղամիջոց մշակող գիտական կենտրոնները: Մինչդեռ, վիրուսի մասին շատ բան դեռ անհայտ է: Կոնկրետ ո՞ւմ, ե՞րբ և ինչպե՞ս է հարվածում թշնամին:

Ահա մի ամերիկյան հետազոտություն, որի հեղինակները փորձում են պատասխանել հարցերի գոնե մի մասին:

«Անակնկալների փաթեթներ ենք ստանում», - ասել է Նյու Յորքի համաճարակաբան, ծագող հիվանդությունների մոնիտորինգի ծրագրի փոխտնօրեն Մարջորի Փոլակը, ով անցած տարվա դեկտեմբերի 30-ին ամբողջ գիտական և բժշկական աշխարհին է փոխանցել Ուհանում չինացի գործընկերներից ստացված ահազանգը:

Հանելուկներից մեկն այն է, թե մարդկանց որ խումբն է առավել խոցելի: Հայտնի է, որ հարվածին են ենթարկվում նախևառաջ տարեցներն ու քրոնիկ հիվանդություններ՝ շաքարախտ, թոքերի, սրտի և երիմակների խնդիր, գիրություն և թուլացած իմունային համակարգ ունեցողները:

Ի հայտ է եկել ուշագրավ հանգամանք՝ տղամարդիկ կանանց համեմատությամբ COVID-19-ն ավելի ծանր են տանում և ավելի հաճախ են մահանում, ընդ որում այդ միտումը նկատելի է գրեթե բոլոր երկրներում՝ սկսած համավարակի օրրան համարվող Չինաստանից:

Հետազոտողները ենթադրում են, որ գենդերային տարբերությունը, հավանաբար, կապված է ապրելակերպի հետ, քանի որ անառողջ ապրելակերպն, այնուամենայնիվ, ավելի բնորոշ է տղամարդկանց, բայց վերջնական կարծիք այդ հարցում չկա:

Տարեցը թիվ 1​ թիրախն է, բայց վիրուսը չի խնայում նաև մանուկին

Մեծ նշանակություն ունի տարիքը: Մանկահասակների շրջանում մահացությունը չափազանց ցածր է, այն տարիքային կտրվածքով հետզհետե ավելանում է, իսկ 60-ից բարձր հիվանդների մոտ շեշտակի է աճում:

Բժշկական խնդիրներ լուսաբանող The Lancet հանդեսի փոխանցմամբ, 30 տարեկանների շրջանում կորոնավիրուսից մահվան հավանականությունը 0,15 տոկոս է, 80 տարեկանների մոտ այն հասնում է 13,4 տոկոսի:
Բայց դրանով հանդերձ, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում գրանցվել են կորոնավիրուսից երեխաների և դեռահասների մահվան դեպքեր, և բժիշկները չեն կարողանում դրանք բացատրել:

Սեզոնային տարբերություն չկա

Ենթադրվում է, որ այդ վիրուսը մարդուն է փոխանցվել կենդանուց, համավարակի առավել ծանր բռնկումները Հյուսիսային կիսագնդի երկրներում էին՝ ձմռան կամ գարնան շրջանում: Սակայն COVID-19-ի ծավալման դինամիկան տարբերվում է, այսպես կոչված, սեզոնային վարակներից, որոնցից ամենատարածվածը գրիպն է:

Այսօր հայտնի յոթ կորոնավիրուսներից չորսը գրիպ են հարուցում: Կա համատարած և ինչ-որ առումով հիմնավորված կարծիք այն մասին, որ գրիպը տարածվում է տարվա ցուրտ շրջանում, բայց MERS-ը՝ Մերձավորարևելյան սուր շնչառական համախտանիշը հարուցող կորոնավիրուսը մարդուն է փոխանցվել ուղտից, և դա տեղի է ունեցել շատ տաք երկրում՝ Սաուդյան Արաբիայում:

«Կորոնավիրուսներն ավելի բնորոշ են ցուրտ եղանակին, բայց կան բացառություններ, չկա հստակ օրինաչափություն, որը թույլ կտա կանխատեսել, թե ինչպես իրեն կպահի այդ վիրուսը», - ասել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Դենիել Սինգերը:

Վիրուսն արագ տարածվում է խիտ բնակեցված միջավայրում

Կա մեկ այլ օրինաչափություն՝ կորոնավիրուսն ավելի արագ է տարածվում խիտ բնակեցված վայրերում, թաղամասում, շենքում, բնակարանում, որտեղ սոցիալական հեռավորության կանոնը անհնար է պահպանել:

Եվ էլի մեկ «բայց». Իտալիայի բնակիչները սոցիալական բարեկեցության առումով շատ ավելի բարվոք վիճակում են՝ թերզարգացած երկրների խիտ բնակեցված թաղամասերում և պստիկ բնակարաններում միասին ապրող մարդկանց համեմատությամբ, սակայն Իտալիայում կորոնավիրուսը հիրավի ավերիչ էր, ինչո՞ւ:

Մարդկային ջերմ կապերը՝ վիրուսի տարածման խթանի՞չ

Ըստ մասնագետների, պատճառն իտալացիներին հատուկ միջսերնդային ակտիվ կապն է, որը մտածելակերպի, ապրելակերպի և ազգային ավանդույթների նշան է:

Ավագ և երիտասարդ սերունդները որպես կանոն առանձին կացարաններ ունեն, սակայն նույն գերդաստանի կամ հարևանների տարբեր սերնդի մարդիկ ուրախ կամ տխուր առիթով, կամ էլ պարզապես կիրակնօրյա ճաշի համար շատ հաճախ են հավաքվում ընտանեկան սեղանի շուրջ:

Փաստորեն, այդ շատ մարդկային, ջերմ հատկությունը, որը նաև հայերին է հատուկ, մի իսկական պատուհաս է դարձել Իտալիայում և մարդկանց խառնվածքով նման երկրներում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում:

Առողջապահության մակարդակի գործոնը

Խոցելի են վարակվածները առողջապահության համակարգի խնդիրներով երկրներում:

Օրինակ՝ Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, հազար բնակչին հասնում է հիվանդանոցի ութ մահճակալ, դա քիչ է Ճապոնիայի և Հարավային Կորեայի համեմատությամբ, որտեղ հազար բնակչի հաշվով կա 13 և 12 մահճակալ, բայց ութ մահճակալը համարվում է լավ թիվ աշխարհում, սակայն չմոռանանք, թե որ երկրի մասին է խոսքը:

Ռուսաստանի Հաշվիչ պալատը դեռ այս տարեսկզբին է հայտնել, որ Դաշնության մոտ 100 հազար բուժհիմնարկներից 30 հազարը չունի ջուր, էլ ավելի մեծ է ջեռուցում և կոյուղի չունեցող բուժհիմնարկների թիվը:

«Կարծում եմ՝ ամենաահավորը կլինի հիվանդանալ մի երկրում, որտեղ առողջապահության համակարգը չունի լուրջ դեպքերով զբաղվելու կարողություն, նույնիսկ Հյուսիսային Իտալիայի համար էր շոկ այդ համավարակի աննախադեպ արագ ու լայնածավալ բռնկումը, բայց ի վերջո այնտեղ կարողացան իրավիճակը վերցնել հսկողության տակ», - ասել է Մարջորի Փոլակը:

Կառավարության հանդեպ վստահությունը

Այդքանով խոցելիների ցանկը չի ամփոփվում: Մասնագետներն ասում են, թե վտանգը մարդկանց սպառնում է այն երկրներում, որտեղ չկա վստահություն կառավարության նկատմամբ:

51 երկրներում հարցում է իրականացվել 85 հազար մարդկանց շրջանում, սոցիոլոգները նշել են երկրների տասնյակը, որտեղ քաղաքացիները կորոնավիրուսի հարցում չեն վստահում իշխանության հաղորդած տեղեկություններին: Այդ տասնյակում են Վենեսուելան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Բելառուսը:

Առավել մեծ է մարդկանց վստահությունը Սինգապուրում, Դանիայում, Լատվիայում:

Հեռավար աշխատանքը զսպում է վիրուսի տարածումը

Էլ ո՞վ է խոցելի: Մասնագետներն ասում են, թե քիչ խոցելի են տնից աշխատողները:

Կալիֆորնիայում անցկացված հարցմանը մասնակցել են կորոնավիրուսով վարակվածները, նրանց 90 տոկոսը նշել է, որ չի ունեցել տնից աշխատելու հնարավորություն:

Ռիսկի են ենթարկվում հանրային տրանսպորտով աշխատանքի մեկնողները, նեղ, փոքր արտադրամասերում կամ աշխատասենյակներում հավաքված ծառայողները, նրանք, ովքեր աշխատում են ախտահանման և հակահամաճարակային այլ միջոցներ չձեռնարկող հիմնարկներում:

Անգլիայում և Ուելսում անցկացված հետազոտությունը վկայում է, որ չորակավորված աշխատողների շրջանում մահացությունը կորոնավիրուսից կրկնակի անգամ շատ է աշխատանքային տարիքի տղամարդկանց համեմատությամբ:

Խոցելիների խմբերը քիչ չեն

Այս վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոցելի են բոլոր տարիքի մարդիկ, սակայն նախևառաջ տարեցներն ու հիվանդները, և որ վիրուսը, հավանաբար, տաք և ցուրտ եղանակի տարբերություն չի տեսնում:

Խոցելի են ազգային սովորությունների, կենցաղի կամ աշխատանքի բերումով սոցիալական հեռավորություն պահպանելու և հիգիենայի կանոններին հետևելու հնարավորությունից զրկված մարդիկ:

Խոցելի են առողջապահության թույլ համակարգ ունեցող երկրների բնակիչները, և առնվազն հոգեբանորեն խոցելի են նրանք, ովքեր ապրում են վստահության ցածր աստիճան ունեցող կառավարությամբ երկրներում:

XS
SM
MD
LG