Մատչելիության հղումներ

Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան


Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական խումբը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ իրենց պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք, և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ և՛ գործի նյութերից, և՛ պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատեց կալանավորման միջնորդություն վերաբերյալ տեղեկությունը, սակայն չհայտնեց, թե մասնավորապես որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել Խաչատրյանին։ Իսկ փաստաբանների հայտարությունը համարեց պաշտպանական մարտավարության բաղադրիչ․ - «Եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել քննիչի գործողություններում, կամ համարում են, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել և իրենց փորձել են ստիպել ինչ-որ գործողություններ կատարել, որքան հասկացա, և՛ նախորդի, և՛ այս հայտարարության մեջ դրա մասին էր խոսվում, ապա, մնալով քրեական դատավարության շրջանակներում, կարող էին և կարող են օգտվել դատավարական որոշումները բողոքարկելու իրենց հնարավորություններից։ Այդ դեպքում դատախազությունը, ծանոթանալով հիմնավորումներին, համապատասխան դիրքորոշում կարտահայտի։ Կամ էլ պարզապես կարող էին և դեռևս կարող են հանցագործության մասին հաղորդում տալ, ինչը, ես որքան տեղյակ եմ, չի արվել»:

Ucom-ի հիմնական սեփականատերերից մեկը հանդիսացող Գուրգեն Խաչատրյանի փաստաբանները հայտարարության տեքստում իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ չեն հասցրել ծանոթանալ մի քանի հատորից բաղկացած նյութերին, չնայած դրա համար ողջամիտ ժամանակ էին խնդրել։

Խաչատրյանի փաստաբանները մեղադրանքը որակում են պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։

Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը։ Նա չէր նշել, թե մասնավորապես ովքեր են իր առջև նման պահանջ դրել։

Այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Գևորգյանը գրել էր նաև, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Միքայել Մինասյանն է:

Այս հայտարություններին այսօր ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ․ - «Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել, գոնե իմ հիշած ժամանակներից այսպիսի ծավալ չենք ունեցել։ Հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության նաև առերևույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որպեսզի երբևէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծեն»:

XS
SM
MD
LG