Մատչելիության հղումներ

Դատախազությունը ստուգում է Միքայել Մինասյանի մասին վարչապետի խոսնակի հրապարակած տեղեկությունները


Իրավապահները վարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ տեղ գտած տեղեկությունները ստուգում են տարբեր քրեական գործերով։

«Որոշ քրեական գործերով, որոնցից մեկով Միքայել Մինասյանը ներգրավված է որպես մեղադրյալ, նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են», - «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մանե Գևորգյանի գրառման մեջ հիշատակված տեղեկությունների հիման վրա քրեական գործ կամ գործեր կան հարուցված:

Հայտնի է, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Մեղադրանքները չի ընդունում։

Վարչապետի խոսնակը գիշերը Ֆեյսբուքում արած գրառման մեջ, հղում անելով վարչապետի աշխատակազմի տվյալներին, պնդել էր. - «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում»։

Այդ փայաբաժինների մեծ մասը, ըստ վարչապետի խոսնակի, 2018 թվականի հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։

Մանե Գևորգյան
Մանե Գևորգյան

Ըստ Մանե Գևորգյանի, տպավորություն է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է նրա կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

Խոսնակի ձևակերպմամբ՝ վարչապետը ակնկալում է, որ իրավապահ մամինները պատշաճ քննություն կիրականացնեն և «Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

Երեկ ավելի վաղ Մանե Գևորգյանը նշել էր, թե Կառավարությունը տեղեկություններ ունի, որ Միքայել Մինասյանը կոռուպցիոն ծագմամբ փայաբաժին ունի նաև UCOM ընկերությունում, որ հիմնական սեփականատեր Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասը պատկանում է հենց Սերժ Սարգսյանի փեսային։

Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ ողջ օրը չհաջողվեց կապ հաստատել։ Ֆեյսբուքում արձագանքելով վարչապետի մամուլի խոսնակի վերջին գրառմանը՝ նա ակնարկել էր, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. - «Անչափ շնորհակալ եմ այս հույժ կարևոր «տեղեկատվությունն» ուշ ժամի հրապարակելու համար։ Այն չափազանց կարևոր էր Եվրոպական դատարանում մեր վերջնական հաղթանակը գրանցելու համար»։

Միքայել Մինասյան
Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ևս դիմեց Ֆեյսբուքի օգնությանը՝ մի շարք մեղադրանքներ հնչեցնելով հենց Նիկոլ Փաշինյանի հասցեին, թե՝ պատասխան է տալու օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար, պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով իր հետ քայլածներին բաժանելու համար, համաճարակի ժամանակ հանցավոր անգործության համար, ինչի հետևանքով ժողովրդը դատապարտել է սովի, մթի և աղքատության։

Վարչապետի խոսնակի գրառման մեջ հիշատակված մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց։ «Երևան Մոլի» հասարակայնությունյան հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանի պնդմամբ, վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել այդ թվում «Երևան մոլում», չի համապատասխանում իրականությանը:

Վարչապետի խոսնակը նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունն էր տվել, թե մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Վանեցյանը։

Սեպտեմբերին պաշտոնանկ արված, դրանից հետո էլ վարչապետի հետ պարբերաբար հեռակա բանավեճի մեջ մտնող Վանեցյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսնակին, այսօր երեկոյան հայտարարեց՝ ոչ մի իրավական հիմք չկա, թե ինքը պնձամոլիբդենայինի հետ առնչություն ունի։

«Կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ», - պնդել է Արթուր Վանեցյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG