Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո» օդակայանում տևական ժամանակ մնացած հայերը վերադարձան Հայաստան


ՌԴ-ից արդեն 6-րդ թռիչքը դեպի Հայաստան։ Կառավարության կազմակերպած հատուկ չվերթով այսօր Մոկվայից Երևան են ժամանել ավելի քան 200 հայաստանցիներ։

Նրանցից Լիլիթ Թևանյանը թռիչքից առաջ «Ազատությանը» պատմեց՝ որդու հետ Կալինինգրադից Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայան երեկ էին եկել, չէին հերթագրվել, սակայն օդանավում իրենց համար էլ է տեղ գտնվել։ Ավելի վաղ հերթագրված որոշ քաղաքացիներ տարբեր պատճառներով բաց են թողել չվերթը։

«Մենք չհասցրինք փաստացի հերթագրվել, բայց քանի որ այստեղ գտնվել են մարդիկ, որ կամ ուշացել են, կամ փոշմանել են, չեն ուզում թռնել, ազատ տեղեր են եղել ու դրա պատճառով, արդեն մեզ կարողացան ընդառաջել», - ասաց Թևանյանը:

Առաջնահերթությունը տրվում է ծերերին, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, կանանց ու երեխաներին։

«Դոմոդեդովո» օդանավակայանում օրեր շարունակ բազմաթիվ հայեր էին գիշերում՝ սպասելով իրենց թռիչքի հերթին, չնայած Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը նրանց առաջարկել էր հյուրանոց տեղափոխվել, մերժել էին։ Ի վերջո նրանց երեկ Ռուսաստանցի իրավապահները հեռացրին օդակայանից։

«Ես ինչքանով, որ երեկվանից արդեն հայերի հետ շփվել եմ բավականին մարդիկ կային, որ 10 օր նույնիսկ էստեղ են եղել, սպասել են, որ իրենց հարմար թռիչք լինի, այսինքն՝ ընդհանրապես թռիչք լինի՝ Հայաստան գնան: Հույսները չեն կորցրել, մինչև վերջ սպասել են, քանի որ շատ-շատ ցանկացողներ կան՝ վերադառնալու», - նշեց Լիլիթ Թևանյանը:

Արտաքին գործերի նախարարությունից հաղորդում են՝ Ռուսաստանից հայրենիք վերադառնալ ցանկացող շուրջ 750 Հայաստանի քաղաքացի կա հերթագրված։ Նրանք ստիպված են սպասել հաջորդ չվերթին։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է՝ այս ընթացքում տարբեր թռիչքներով, այդ թվում՝ այսօրվա, Ռուսաստանից Հայաստան է ժամանել ավելի քան 900 ՀՀ քաղաքացի:

Նաղդալյանն վստահեցնում է՝ որևէ հայաստանցու՝ հայրենիք տեղափոխվելու խնդրանք չի մերժվելու: «Այս պայմաններում ցանկացած թռիչքի կազմակերպում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ, սկսած՝ համապատասխան թույլտվությունների ձեռքբերում տեղում և տեղափոխման ժամանակ առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ համալիր միջոցառումների ձեռնարկում, ուստի բնական է, որ որոշակի ժամանակ է պահանջվում համապատասխան թռիչքներ կազմակերպելու համար», - ասաց Նաղդալյանը:

Հաջորդ թռիչքի օրը դեռ հայտնի չէ, սակայն արտաքին գերատեսչությունից հայտնում են՝ ամեն ինչ անում են հերթական չվերթը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

ԱԳՆ խոսնակի խոսքով՝ չվերթներն իրականացնելու համար կառավարությանն օգնում են նաև տեղի համայնքային կառույցներն ու բարերարները։

«Այս թռիչքների ընթացքում եղել են դեպքեր, մասնավորապես, Կրասնոդարի և Դոնի Ռոստովի դեպքերը, երբ որ թռիչքը կազմակերպվել է լիովին անվճար, և դրա վճարման պատասխանատվությունն իր վրա են վերցրել տեղի համայնքային կառույցների ղեկավարները կամ անհատ բարերարները», - ընդգծեց Նաղդալյանը:

ԱԳՆ տվյալով` արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 14-ից սկսած, Հայաստան է վերադարձել արդեն ավելի քան 22 հազար ՀՀ քաղաքացի։

XS
SM
MD
LG