Մատչելիության հղումներ

Մոսկվա-Երևան երկրորդ չարթերային թռիչքը՝ այսօր. ժամանել է ևս 220 քաղաքացի


Մոտ մեկ ժամից Երևան կժամանի Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը կատարող «Red wings» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխում 220 քաղաքացիների: Երեկ երեկոյան Երևան էր ժամանել առաջին չարթերը, որը տեղափոխել էր 222 քաղաքացիների:

Ապրիլի 3-ից, հիշեցնենք, Ռուսաստանն ամբողջովին փակել է իր օդային սահմանը բոլոր, այդ թվում` չարթերային թռիչքների համար: Այս 2 թռիչքները հնարավոր դարձան հայ-ռուսական բանակցությունների արդյունքում, սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվն այսքանով չի սպառվել:

«Այս պահին մեր քաղաքացիները, հայրենակիցներն անցնում են գրանցման պրոցեսը` ռեգիստրացիան, 220 ուղևոր: Մեծ մասն իրենք են գնել տոմսերը, բայց ասենք իրենց այն վերջին գումարներով, ով հնարավորություն չի ունեցել, տարբեր կառույցներ` դեսպանատնից սկսած օգնել են, ու պրիարիտետը տրվել է այն քաղաքացիներին, ովքեր ունեն լուրջ խնդիրներ, այսինքն` սկսած կեցության խնդրից, մինչև առողջության, ընտանեկան ինչ-որ խնդիրներ»,- ասաց Ռուսաստանում հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը, ով այս օրերին ակտիվ զբաղվում է «Դոմոդեդովո»-ում հավաքված հայաստանիցների խնդիրներով:

Հարցին, թե շա՞տ են մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց չեն կարողանում, նա պատասխանեց.- «Մշտական գտնվում են օդանավակայանում, ում հետ մենք մշտական կապի մեջ ենք, դեսպանատունը, տեղավորում են հյուրանոցներում և այլն, այսինքն` ում խնդիրներով ամենօրյա զբաղված ենք, մոտ 60 հոգի է մնացել, որ այսօրվա թռիչքին տոմս չեն գնել, չեն հերիքել տոմսերը:

Խոսակցություն կա, որ հնարավոր է կազմակերպել 3-րդ չարթերը, բայց առաջնահերթ է այսօրվա թռիչքը կազմակերպել ու զբաղվել մնացած քաղաքացիների խնդիրներով: Մենք` որպես հասարակական կազմակերպություն, աջակցենք դեսպանատանը այդ հարցերում, դեսպանատունը, կառավարությունը զբաղվեն մյուս չարթերով, որովետև բացի այդ նշված 60 քաղաքացիները, կան քաղաքացիներ, որ չեն եկել օդանավակայան, սպասում են իրենց տանը կամ բարեկամների մոտ»:

Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն «Ազատությանն» ասել էր, որ դեսպանությունը շուրջ 3 հազար զանգ է ստացել տուն վերադառնալ ցանկացող հայաստանցիներից: Այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: 72-ամյա ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և երեկ մահացել է: Նախքան այդ կորոնավիրուսից մահացել էր նաև նրա կինը` 69-ամյա բժիշկ Արփիկ Հասրաթյանը: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից Մոսկվայում մահացել է 3 հայ:

Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 1154 նոր դեպք, մեծ մասը` մոտ 700-ը` Մոսկվայում: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 7 հազար 497, մահացել` 58 մարդ: Այստեղ փաստացի կարանտին է, մարզերի և քաղաքների մեծ մասում չեն գործում ռեստորաններն ու առևտրի կենտրոնները: Անցած շաբաթ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ոչ աշխատանքային օրեր մինչև ապրիլի 30-ը, ընդ որում կարանտինային այս արձակուրդների համար վճարում է ոչ թե պետությունը, այլ գործատուն, քանի որ երկրում չի հայտարարվել արտակարգ դրություն:

Մարզերն ինքնուրույն են որոշում կորոնավիրուսի կանխարգելումը տարածող միջոցառումների ցանկը: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մասնավորապես, հայտարարել է, որ հանրապետության տարածք կարող են մտնել այնտեղ մշտական գրանցում ունեցող քաղաքացիները: Կարանտինի խիստ կանոններ գործում են նաև հայաշատ Կրասնոդարի մարզում, որտեղ բնակիչները տնից դուրս գալու համար հատուկ անցաթերթիկ պետք է ունենան:

XS
SM
MD
LG