Մինչև մարտի 31-ի գիշերը հայաստանցիները պետք է տնից դուրս գան բացառիկ դեպքերում, իսկ դուրս գալիս` խիստ անհրաժեշտությունը հիմնավորեն տեղաշարժի թերթիկով:
Երևանցիներն այսօր փողոց դուրս գալու հիմնավորումներ գտնում էին, բայց ոչ բոլորն ունեին լրացված թերթիկներ:
Ոստիկանության վերջին տվյալներով, երեկ և այսօր ազատ տեղաշարժման սահմանափակումները խախտելու համար ողջ հանրապետությունում 635 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:
Ժամը 12-ի դրությամբ, 897 մեքենայի մեջ եղել է երկուսից ավելի ուղևոր, իջեցրել են: Բայց կեսօրից հետո ոստիկանությունը տեղեկացրեց կարգի փոփոխության մասին` մարդատար մեքենայով տեղաշարժման, լսողության և տեսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում մեքենայում կարող է նաև ուղեկցող լինել, իսկ երեխաների թվի սահմանափակում չկա։
Օրենքով արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար տուգանք է նախատեսվում հարյուրից երկու հարյուր հազար դրամի չափով։
Ոստիկանության տեսադաշտում հայտնված 458 անձինք կտուգանվեն, թե ոչ՝ կորոշվի վարույթի քննության ավարտին, որը կրկին ոստիկանությունն է իրականացնում։ Տուգանվածների մասին տեղեկություններ իրավապահները այս պահին չեն հայտնում։
Դժգոհողներ նոր կարգից գրեթե չկային։ Բացառություն էր կեսօրից հետո Երևանի կենտրոնում իր առաջին հաճախորդին ապարդյուն սպասող տաքսու վարորդը․ - «Ութն անց կես տնից դուրս եմ էկել, կանգնել սպասում եմ։ Ինչի եմ կանգնել, չգիտեմ»։