Ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով մինչ օրս վարչական պատասխանատվության է ենթարկվել 1889 անձ, սահմանված թվից ավելի ուղևոր տեղափոխելու համար մեքենայից իջեցվել է 1843 անձ: Իսկ հանրային տրանսպորտի վարորդներից 48-ը ենթարկվել են վարչական տույժերի՝ սահմանվածից ավելի ուղևոր փոխադրելու համար:
Այսօր «Ազատության» տեսախցիկը արձանագրեց, թե ինչպես առանց տեղաշարժման թերթիկի փողոց դուրս եկած քաղաքացու նկատմամբ կազմվեց արձանագրություն:
«Տեղաշարժման թերթիկը բացակայում էր, որի վերաբերյալ կազմեցինք վարչական արձանագրություն», - ասաց ոստիկանը:
Օրենքով արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կանոնների խախտումը նախատեսում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով։
Ոստիկանության տեսադաշտում հայտնված 1889 անձինք, այդ թվում՝ այս քաղաքացին կտուգանվեն, թե ոչ, կորոշվի վարույթի քննության ավարտին, որը կրկին ոստիկանությունն է իրականացնում, ընթացակարգը այսօր հրավիրված ասուլիսին պարզաբանեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
«Արձանագրությունները ունեն ընթացակարգ և ընթացակարգի ավարտից հետո, երբ որ պրոցեսը կավարտվի, վարույթ կիրականացվի, նոր պարզ կլինի», - ասաց փոխոստիկանապետը:
«Ազատության» հարցին՝ այսինքն այս պահին կան բարձրաձայնումներ, որ օրինակ՝ 200 հազար են տուգանվել, դրանք դեռ տուգանք չե՞ն դարձել, Մհրյանը պատասխանեց. «Ոչ, դա ժամանակ է պահանջում, կարգ գոյություն ունի՝ վարույթ իրականացնելու»:
Քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև հատուկ հավելվածում լրացված ձևաթուղթը, որը հնարավորություն չի տալիս խմբագրել տեղաշարժի մասին մուտքագրված տվյալները: Ձևաթղթի տպագիր տարբերակը պարտադիր չէ, բավարար է նաև սովորական թղթի վրա անհրաժեշտ տեղեկության գրանցումը:
Անմիջական շփումների բացառման նպատակով էլ ոստիկանությանը ցուցում է տրվել փաստաթղթերը ստուգելիս ոչ թե վերցնել, այլ խնդրել, որ քաղաքացիներն իրենք ցույց տան:
Երևանի կենտրոնից հեռանալիս վերահսկողություն իրականացնող ոստիկանները այդքան էլ հաճախ չէին հանդիպում, հանդիպածներն էլ ավելի ներողամիտ են՝ գովերգեց քաղաքացիներից մեկը:
Փոխոստիկանապետը այսօր չբացառեց, որ ծայրամասերում խնդիրներն ավելի արտահայտված կարող են լինել և կոչ արեց քաղաքացիներին ավելի բարձր սոցիալական պատասխանատվություն հանդես բերել։
«Ես չեմ բացառում, որ քաղաքի ծայրամասերում հնարավոր է որոշակի կուտակումներ քաղաքացիների, բայց մենք պետք է բոլորս ըմբռնումով մոտենանք, որ ոստիկանության թվաքանակն անսահմանափակ չէ, և ոստիկանությունն իր ծառայությունները իրականացնում է նշված երթուղիներով՝ հաջորդաբար և հնարավորության դեպքում փորձում է պրոցեսն ավելի կառավարելի պահել», - ասաց Հայկ Մհրյանը:
Քաղաքացիները ավելի հաճախ դուրս են գալիս հենց գնումների նպատակով, համենայնդեպս տեղաշարժման թերթիկները այդ մասին են վկայում: Հերթերը բացառելու նպատակով պարետի որոշմամբ պարտադիր է վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ գծանշումներն ու դրանց պահպանումը։
Ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկն էլ ասում է՝ առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը սպասարկում են միայն կենսաթոշակային տարիքի անձանց: