10 օրով երկարացվում է խիստ սահմանափակումների ռեժիմը Հայաստանում, քիչ առաջ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման` մեկը խուճապահար լինելն է, մյուսը` իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին»,- ասաց նա:
Վարչապետը հորդորեց խուճապի չմատնվել` միաժամանակ նշելով, որ թերահավատորեն էլ չի կարելի վերաբերվել այս սահմանափակումներին:
Նա հիշեցրեց, որ 532 ախտորոշված դեպքից 30-ն ապաքինված են, 3-ը մահացել են, թոքաբորբ ունի շուրջ 90 մարդ, որից 30-ը` ծանր վիճակում, 424 մարդ ջերմություն չունի:
Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ևս մեկ քաղաքացի է առողջացել, այսինքն` 31-ը ընդհանուր թվով, ինչպես նաև մեկուսացումից դուրս է եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանածներն են: